Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դու քո մասին մտածի, այ տղա». սկանդալ ԱԺ-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
29576d3b79a6563491963731697882cf

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ սկանդալ: Այն տեղի ունեցավ, երբ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: ԱԺ-ն այսօր շարունակեց «Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀԱԿ նախաձեռնության քննարկումը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ոչ ինքը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը ելույթ չեն ունեցել, թեեւ ասելիքը շատ է, մինչդեռ իշխանությունները հանդես եկան բազմաթիվ ելույթներով. «Քանի դեռ դուք կաք, դուք թույլ չեք տալու բացահայտելու ձեր օրոք տեղի ունեցած սպանդը: Երեկ այնքան հարց տվեցիք Ջհանգիրյանին, դրա փոխարեն հարցնեիք Քոչարյանին ժամանակին, որը հեռուստատեսությամբ բացահայտ ասաց, որ զենք է կիրառվել մարդկանց նկատմամբ: Մեկդ հարց չտվեց, թե այ պարոն նախագահ, այս ի՞նչ ես պատմում»: Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն բացահայտվել, դրա հիմնական մեղավորը նախկին Զինդատախազ, այժմ՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է. «Է ստեղծեիք այդ օրվա դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով, ով էր ձեռքդ բռնել, ուզում ես հոկտեմբերի 27-ի հանձնաժողով ստեղծեիր, սուտ ցուցմունք չտայիր, հիմա նման ձեւ խոսեիր»: Հայկ Բաբուխանյանն այս խոսքերից հետո տեղից սկսեց բղավել: «Արա, ես նստելուց չեմ վախենում, ես երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, այ տղա»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով. «Բոլորդ մարտի մեկի դեպքերի կոծկողներ եք, բացի ՀԱԿ-ից, Ժառանգությունից, բոլոր մյուս խմբակցություններդ մեղավոր եք՝ որպես իշխանական կոալիցիայի թեկուզ նախկին անդամ»: Այս հայտարարությունից հետո տեղից ընդվզեց նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Ես գիտեմ ինձ պահելու ձեւը, ես երկիր եմ ներկայացրել ժամանակին, դուք ձեր մասին մտածեք»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա նկատեց նաեւ, որ բոլորը գիտեն՝ ինչ է տեղի ունեցել Մարտի մեկին. «Բացեք սղագրությունները, հիշեք՝ չորս անգամ օրենք եք փոխել մեզ դատելու համար, ոնց որ հիմա լուսնից եք իջել: Նույնիսկ ենթագիտակցորեն չեք կարող այդ հարցը քննարկել: Մեր սիրելի գործընկեր Մարգարիտ Եսայանը իրեն ենթագիտակցորեն բերկուտ է պատկերացնում, երբ մարդը առանց այլեւայլ գուներանգների կոչ էր անում հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը, տիկին Եսայանն ինչպես արձագանքեց: Հիմա մի օրենք ընդունեք Մարտի մեկի զոհերի ընտանիքներին օգնելու համար: Իսկ արդարությունը հաղթելու է, հո հավերժ չեք, մյուս ցիկլում կլինի այդ արդարությունը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հորդորեց ըմբռնումով մոտենալ պարոն Արզումանյանի խոսքերին. «Սակայն պարոն Արզումանյան, այնպիսի բաներ եք ասում, որ հնարավոր չէր լինի չարձագանքել ձեզ»: