Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի հանձնաժողով կլինի, «Նաիրիտի»՝ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

ԱԺ-ն այսօր 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների նախաձեռնած «Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ բուռն քննարկումներից հետո չորս ոչ իշխանական ուժերի հետ ՀԱԿ-ը համաձայնության է եկել միայն մեկ վերապահումով. «Մենք կմասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին, սակայն մեր վերապահումը վերաբերում է դռնփակ նիստերին: Մենք ընդունում ենք, որ այս հանձնաժողովը մի գործիք է, որով հնարավորություն կունենանք ուսումնասիրել, քննարկել: Այդ պատճառով մենք կողմ ենք քվեարկելու ու մասնակցելու ենք հանձնաժողովի աշխատանքներին»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ չի թաքցնի՝ իրենց խմբակցությունում եւս լուրջ քննարկումներ են եղել, եւ որոշել են, որ մենք բավականին ակտիվորեն մասնակցելու են քննարկումներին: ԲՀԿ-ն հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու: «Ես զարմանում եմ ձեզ վրա՝ ձեր բոլոր առաջարկները ընդունում ենք, բայց հետո հայտարարում եք, թե ձեռնպահ եք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երբ հերթը հասավ ՀՅԴ նախաձեռնությանը՝ «Նաիրիտ գործարանի ճակատագրի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախագծի քվեարկությանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: ՀՅԴ մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իրենց այս քայլը պատճառաբանեց, որ դրանով իրենք եւս մեկ անգամ իշխանություններին հնարավորություն են տալիս քվեարկությունից առաջ մտածել: Ըստ նրա՝ անգամ եթե ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկի, ու նախագիծը չանցնի, իրենք սկսելու են հանրային մասնագիտական լայն քննարկումներ եւ ակնկալում են, որ գոնե աշնանը այս հարցը նորից կդրվի քննարկման ԱԺ-ում: Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ թե հանձնաժողովում, թե առանձին քննարկումներին իրենք իրենց տեսակետն ակնհայտ են դարձրել. «Իրավիճակն այնպիսին է, որ այս պահին հանձնաժողովի ստեղծումը իր հիմնական արդյունքներին չի ծառայի: Դրա համար մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»: ՀՅԴ նախագիծը 44 կողմ, 55 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: