Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն քննարկում է գազի հարցը

Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել ՀՀԿ եւ ՕԵԿ նախաձեռնած «Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Այն ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը եւ պատճառաբանեց, թե ինչու էին մերժել ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացրած նույնատիպ առաջարկը. «Մեր մերժումը պայմանավորված չէր նրանով, որ այդ հարցերը արդիական չեն. խնդիրը վերաբերում էր շատ կարեւոր հարցերի, որոնք պետք է տրվեին, որոնք պետք է ԱԺ մակարդակով լուծվեին, սակայն դրանք ունեին նաեւ քաղաքական ենթատեքստ, ու խնդիր ունեինք անաչառ գնահատական տալ, այլ ոչ թե գնալ շահարկումների: Մենք առաջարկում ենք ավելի հավասարակշռված, պատասխանատու մոտեցում, մինչդեռ ընդդիմության ներկայացրած խնդիրները ծայրահեղ նեղ էին ու ավելի լայն շրջանակների պետք է անդրադառնայինք»: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ իրենց նախագիծը վերաբերում է սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակին, ՀՀ պարտքին, «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի օտարմանը, այլընտրանքային գազին, գազի գնին Վրաստանի սահմանին, որն ունի գնային իր բանաձեւը և փոխվում է ՀՀ տարածքում՝ վերջնական սպառողին հասնելիս: Նա նաեւ նկատեց, որ այս հանձնաժողովի նիստերը դռնեփակ են լինելու, քանի որ քաղաքական առումով զգայուն հարց է, ու չեն ցանկանում ունենալ քաղաքական դեբատներ. «Մենք խոսում ենք ՀՀ յուրաքանչյուր սպառողի ու նրա լավ պաշտպանվածության մասին, եւ նպատակը իրավիճակը բարելավելն է»: