Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ փետրվարի 12-ի դեպքերի մասին

Քաղաքականություն
eahk

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն հայտնեց փետրվարի 12-ին Երևանում հանրային ակցիան լուսաբանելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի առնչությամբ: «Լրագրողի նկատմամբ բռնությունն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարտավոր են աջակցել և պաշտպանել լրագրողներին, ուժ են կիրառել նրանց դեմ», - Միյատովիչը գրել է ՀՀ իշխանություններին ուղղված գրության մեջ: Ըստ հաղորդումների՝ համապատասխանաբար «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am լրատվականի լրագրողներ Անի Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը ոստիկանների կողմից հարձակման և բերման էին ենթարկվել ու քիչ անց ազատ արձակվել: Ոստիկանությունում գտնվելու ընթացքում ոստիկանները խուզարկել են լրագրողներին և նրանց տեսախցիկներից ջնջել բոլոր տեսանյութերը: «Ես կոչ եմ անում իշխանություններին միջադեպի կապակցությամբ իրականացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն ու անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անհարիր վարքագիծը կանխելու համար», - գրել է Միյատովիչը: Դեկտեմբերին Միյատովիչը իշխանությունների մոտ բարձրացրել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանի գործը, որը ըստ հաղորդումների՝ բերման և բռնություն էր ենթարկվել ոստիկանների կողմից Երևանում հանրահավաքի լուսաբանման ժամանակ: