Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակել են ճանապարհը՝ պատգամավորներին հանդիպելու համար

Քաղաքականություն
903542cbcf7fd1551f8d1faa168a1892

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մոտ 200 բնակիչ մեքենաներով փակել է թաղամասից դուրս եկող ճանապարհը։ Քիչ առաջ հացառատցիներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք պահանջում են թաղամասի փողոցների վերանորոգում. «Ես չեմ հիշում, թե երբ են մեր թաղամասի փողոցները վերանորոգվել։ Այսօր իմացել ենք, որ ԱԺ պատգամավորներից մեկի հարազատն է մահացել, ու իրենք գալու են։ Մենք էլ փակել ենք գլխավոր ճանապարհը, որ պատգամավորները Հացառատի քանդած ճանապարհով անցնեն, որ իմանան, թե ինչ վիճակ է Հացառատում»։ Բնակիչների խոսքով՝ իրենց մոտ է Գեղարքունիքի մարզպետը եւ փորձում է հավաքվածներին հեռացնել ճանապարհից։ Ըստ բնակիչների, իրենք չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորներին չտեսնեն։ Նրանք դժգոհեցին նաեւ իրենց տարածքից ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանից. «Ինքը մեր պատգամավորն է, բայց եթե հարցնեք, թե որտեղ է Գավառը, տեղն էլ չի իմանա»։