Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք էլ են մեկնում արտագնա աշխատանքի

Մարզեր
գյուղ-2

Վերջին տարիներին Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կողպված դռներն ավելացել են: Գյուղից շատ ընտանիքներ հեռացել են Ռուսաստանի Դաշնություն կամ Արտասահման՝ մշտական բնակության: Պատվական Առաքելյանի երկու որդիները նույնպես մեկնել են Շենիկից: Ասում է` գյուղում աշխատանք չլինելու պատճառով որդիները ընտանիքներով մեկնել են գյուղից. «Ստեղ ապրուստ չկա, հողագործությունից բան դուրս չի գալիս, չարչարվում ես, չարչարվում, բերքը յա ահինն ա, յա մահինը», - նշում է շենիկցին: Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանի խոսքով` գյուղացիները հիասթափված են հողագործությունից. «Մեզ մոտ մշակելի հող շատ կա, բայց մարդիկ չեն մշակում, հեռանում են գյուղից` ոռոգման ջրի գնի թանկ լինելու պատճառով», - ընդգծում է համայնքի ղեկավարը: Մինասյանը նկատում է` գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվն աճել է հատկապես անցյալ տարվա մայիս ամսին տեղացած կարկուտից հետո: Մարզի Նոր Արտագերս գյուղում պատկերը նույնն է: Համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի տեղեկացմամբ`արտագնա աշխատանքի մեկնողների թիվը գյուղում մեծ է. «Շատերն են գնում, մի քանի ամիս աշխատում են գալիս», - ասաց Հակոբյանը և ավելացրեց` կանայք նույնպես մեկնում են արտագնա աշխատանքի: Գայանե Մանթաշյանն անցյալ տարի ՌԴ Կազան քաղաք աշխատանքի է մեկնել: Տիկին Գայանեն հացի փռում լավաշ է թխել: Վաստակած գումարից գոհ է: Վստահեցնում է` կրկին աշխատանքի մեկնելու ցանկությունը մեծ է, սակայն նրան հետ է պահում վերջերս ՌԴ ընդունած վիզաների մասին նոր կարգը, ըստ որի՝ 3 ամսից ավելի հնարավոր չէ մնալ ՌԴ-ում առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագրի. «Էս նոր պայմաններով դեռ չգիտեմ աշխատելը ձեռ կտա՞, թե ոչ», - նշում է տիկին Գայանեն։   գյւղ 1