Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քերոլայն Քոքսը «Գարդիան»-ում խոսել է նաեւ Մարաղայի մասին

f2b7489e0398d4bbe545b91abec0a667

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը մեկ շաբաթ առաջ «Գարդիան» հեղինակավոր թերթին նամակ էր գրել` դատապարտելով լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր-Լինդին՝ «Հարսանիքը Ղարաբաղում» լուսանկարի հրապարակման համար և բրիտանացիներից պահանջել Ղարաբաղ այցելելու համար նախապես թույլտվություն ստանալ Ադրբեջանի իշխանությունից: Այս նամակին արձագանքել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը. «Ես խորապես մտահոգված եմ Անաստասիա Թեյլոր-Լինդի հարցազրույցի և լուսանկարի առնչությամբ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆախրադին Գուրբանովի պատասխանով: Ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ 80 անգամ, որոնցից մեծ մասը՝ 1991-1994 թվականների պատերազմի ժամանակ և ես ականատես եմ եղել, թե ինչպես էին ադրբեջանցիները հայերի էթնիկ զտումների փորձ անում։ 400 գրադ է արձակվել մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա, բազմաթիվ այլ վայրագություններ, այդ թվում` 1992 թվականի Մարաղա գյուղի սպանդը: Ես տեսա ծխացող տներ, գլխատված դիակներ, վառված մարդկանց մնացորդներ և շոկի մեջ գտնվող փրկվածներ: Մոտակա հոսպիտալում ես հանդիպեցի գլխավոր բուժքույրին, որը իր որդու հետ միասին կորցրել էր իր մեծ ընտանիքի 14 անդամներին: Քանի որ Պարոն Գուրբանովը առաջարկել է Տիկին Թեյլոր-Լինդին ընդլայնել իր տեսանկյունը` խոսելով Ադրբեջանից տեղահանված ժողովուրդների մասին, ես էլ առաջարկում եմ խոսել Մարաղայից փրկվածների հետ: Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի վերածվել է տնտեսական և ռազմական ահաբեկման քաղաքականության՝ ագրեսիվ քարոզչությամբ, ինչը սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Այս քաղաքականությունը երկարացնում է հակամարտության արդյունքում հայ և ադրբեջանցի տեղահանվածների տառապանքը՝ թողնելով շատերին անորոշության և աղքատության մեջ: Եթե Ադրբեջանի կառավարությունը վերացնի իր ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքները, աջակցի զինդադարի պահպանմանը և վստահություն ներշնչող միջոցներ ձեռնարկի, ապա, ամենայն հավանականությամբ, խաղաղ կարգավորման հնարավորություններ կարող են լինել՝ ներառյալ տեղահանված ժողովուրդների վերադարձ իրենց տներ. հարց, որի մասին դեսպանը հավաստիացնում է, որ մտածում է»: Քերոլայն Քոքսի պատասխանից զատ, կարծիք է հայտնել նաեւ հեղինակը՝ Ժոզեֆ Քոկերը, թե իրենք գիտեն՝ որտեղով գնալ Ղարաբաղ ու գիտեն նաեւ որ անձնագրում ղարաբաղյան վիզա ունեցողների մուտքը Ադրբեջան արգելված է: «Ադրբեջանի դեսպանը ասում է, որ Թեյլոր-Լինդը պետք է այցելի Ադրբեջան, որպեսզի տեսնի այնտեղից տեղահանված մարդկանց: Դա այդքան էլ հեշտ չէ: Նույնիսկ ամենակարճ այցելությունը Ադրբեջան պահանջում է վիզա, նկարներ, հրավերով նամակ, հյուրանոցի ամրագրում և 100 եվրո վիզայի վճար: Նաև կեղծիք է այն, որ ցանկացած մարդ, որ ուզում այցելել Լեռնային Ղարաբաղ, պետք է դա անի ադրբեջանական իշխանությունների միջոցով: Դու կարող ես Լեռնային Ղարաբաղ այցելել միայն Հայաստանով, և եթե դու ունենաս ԼՂ-ի վիզա քո անձնագրում, քեզ կարգելեն այցելել Ադրբեջան»: «Գարդիան»