Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայդանը զսպող հայաստանյան գործոնները

Քաղաքականություն
3ec010acaae5947d0e67cca65a59ddb2

Հայաստանում առկա մի քանի զսպող գործոնով է պայմանավորված այն, որ մեր երկրում չեն կրկնվում ուկրաինական Մայդանի դեպքերը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ենթագիտակցորեն հայաստանցիները հասկանում են, որ ապակայունացումը վտանգավոր է ՀՀ-ի և Ղարաբաղի համար: Մինչդեռ Ուկրաինայում մարդիկ պայքարում են՝ նման վախ չունենալով: «Ես, որ կողմնակից եմ եվրաասոցիացիային, և դեմ եմ Մաքսային միությանը, ամեն դեպքում զուսպ եմ, հասկանում եմ, որ այնուամենայնիվ, ապակայունացումը շատ վտանգավոր է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: Երկրորդ գործոնն այն է, որ Ուկրաինայում ըմբոստացած ժողովրդին անմիջապես միացավ ընդդիմությունը, որն ամբողջովին եվրոպամետ է: Մինչդեռ Հայաստանում միայն «Ժառանգությունն» էր, որ արտահայտեց հստակ եվրոպամետ դիրքորոշում: «Դա նշանակում է, որ դու ունես ռեալություն, որ քո ընդդիմադիր դաշտում պրոեվրոպական տրամադրություններն ուժեղ չեն»,- ասաց քաղաքագետը: Նա համոզված է, որ Հայաստանում ևս բողոքի ակցիաները կլինեին նույն մակարդակում, ինչ Ուկրաինայում, եթե մեր երկրում էլ լինեին նույն գործոնները: Քաղաքագետը հիշեցնում է, որ Հայաստանում 2013թ սեպտեմբերին՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումից անմիջապես հետո, ու դեկտեմբերին, փոքրաթիվ մարդիկ դուրս եկան փողոց: Ուկրաինայում ևս սկզբում բողոքի ակցիաների մասշտաբը փոքր էր, սակայն այդ երկրում, ըստ նրա, իշխանությունները սխալ արեցին ու դաժանաբար ցրեցին մարդկանց, ինչից հետո բողոքի ալիքը մեծացավ: Եվ երկրորդ՝ Ուկրաինայում այդ փոքր խմբերին միացան ընդդիմադիր կուսակցությունները: Հակառակ դեպքում, քաղաքագետի գնահատմամբ, այդ երկրում ևս բողոքի ակցիաները կմարեին: