Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի հարցով կստեղծվի՞ ժամանակավոր հանձնաժողով (տեսանյութ)

Քաղաքականություն
aj1

Ազգային ժողովը  վաղը  կշարունակի քննարկել  Թեւան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Արամ Մանուկյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ Արամ Մանուկյանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ինքը ներկայացնում է ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների տեսակետը: Արամ Մանուկյանը նշեց, որ 2011 թվականի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձեւավորվել է ՀՀ պետական պարտք, որի առաջացման եւ մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը վիճարկելի է: Հասարակության մեջ ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, որը վերացնելու գործում, խորհրդարանի սահմանադրական լիազորությունները իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ինչպես վերը նշված հարցը, այնպես էլ գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները:

Հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ ԱԺ պատգամավորների տեսակետները տարբեր էին։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը բոլորովին էլ նպատակ չունի կոծկելու ինչ-որ ապօրինություններ, ինչպես պնդում են ոմանք. ընդհակառակը՝ քաղաքական մեծամասնությունը միշտ էլ կողմնակից է պատժելու անօրինական քայլեր կատարողներին, բայց պետք է նախ քննել եւ վեր հանել ճշմարտությունը: ԱԺ նախագահը նկատեց, որ իր կարծիքով՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կողմնակիցներն ու նախաձեռնողները ճիշտ չեն ընտրել ձեւաչափը: ԱԺ խմբակցությունները քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն փետրվարի 4-ի ԱԺ նիստում: