Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմությանը կհաջողվի գործադուլ կազմակերպել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

«Ուկրաինայի ընդդիմության դիմադրությունը հասել էր մի այնպիսի կետի, որ իշխանությունները ուղղակին չէին կարող զիջումների չգնալ: Այդ պատճառով իշխանությունների վերջին մի քանի օրվա քայլերը տրամաբանական էին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նրա ներկայացմամբ` Յանուկովիչի թիմը հույս ունի, որ «բանակցությունների միջոցով որոշակիորեն կկարողանա թուլացնել և պառակտել ընդդիմությանը: Այս առումով ընդդիմությունը ճիշտ որոշում ընդունեց, որ հրաժարվեց Յանուկովիչի առաջարկած վարչապետի պաշտոնից: Այս պայմաններում այդ պաշտոնը ստանձնելը ընդդիմության համար կնշանակեր վերցնել պատասխանատվություն մի բանի համար, որի պատասխանատուն ընդդիմությունը չէ և գործել այնպիսի պայմաններում, որտեղ ընդդիմությունը չունի իշխանություն»: Պարոն Վարդանյանը չի բացառում, որ ընդդիմությանը կհաջողվի համապետական գործադուլ կազմակերպել, ավելի լայն զանգվածների ներգրավել այս շարժման մեջ և հասնել իր հիմնական նպատակներին: Էդգար Վարդանյանը առանձնացրեց մի քանի կետեր, որոնց պատճառով սկսեց այս մեծ ընդվզումը: «Յանուկովիչը Սերժ Սարգսյանի նման հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որով Ուկրաինայի բնակչության կեսից ավելիի երազանքը ի չիք արվեց: Փաստորեն Ուկրաինայի քիչ թե շատ լեգիտիմ նախագահը խաբեց իր ժողովրդին: Մյուս հանգամանքը ցույցերին` իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքի արժանանալն էր: Դա այն դեպքն էր, երբ Բերկուտը գիշերը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա»: Էդգար Վարդանյանն էլ հավելեց, որ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը չի նշանակում, որ Ուկրաինան «հենց վաղը մտնելու է Եվրոպա: Դրա համար կարող են տասնյակ տարիներ պահանջվել: Բայց ուկրաինացիները պետք է այսօր սկսեն պայքարել, որ վաղը հասնեն Եվրոպայի մակարդակին»: