Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմը պիտի սկսենք՝ գրավելով Բաղրամյան 26-ը» (տեսանյութ)

Քաղաքականություն
gev

Արցախյան հակամարտության վերսկսման մասին լուրերն ակտիվացման հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ Ադրբեջանի հերթական դիվերսիոն հարձակումներից հետո։ Մասնագետները վստահ են՝ դրանք ոչ առաջինն են եւ ոչ էլ վերջինը: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հանրությանը կոչ է անում չանհանգստանալ` միաժամանակ հիշեցնելով. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ի՞նչ վերսկսման մասին է խոսքը։ Պատերազմը ընթացքի մեջ է, ընդամենը սա այլ փուլ է, կարելի է ասել՝ հարաբերական խաղաղ փուլ է, որին ծանր տեխնիկան չի մասնակցում»։ Էժանագին պաթետիզմն ու սենտիմենտալությունը ազատամարտիկն առաջարկում է մի կողմ դնել եւ ուշադրությունը կենտրոնացնել այլ խնդիրների վրա. մասնավորապես ազատամարտիկների զգալի մասն այսօր ծայրահեղ վիճակում է, իսկ երիտասարդ սերունդը, ով պետք է ստանձնի հայրենիքի պաշտպանությունը՝ բարոյալքված։ Հավանական պատերազմի դեպքում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը միայն մի սցենար է տեսնում. «Եթե հանկարծ պատերազմ սկսվի, պատերազմը պիտի սկսենք՝ գրավելով Բաղրամյան 26-ը, նախ պիտի երկրի ներքին կեղտը վայրկյանական մաքրենք, որ կարողանանք կռվել»։ Մինչ ազատամարտիկները հաղթանակի իրենց սցենարներն են ներկայացնում, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ռազմական գործողությունների վերսկսումը գրեթե բացառում է, իսկ պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածությունը համարում է ադրբեջանական սադրանքների հետեւանք։ Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ժամանակն է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմը վերանայի իր քաղաքականությունը։ Նա գտնում է, որ հունվարի 24-ին Փարիզում կայացած արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը հայկական կողմը չպետք է մասնակցեր. «Քաղաքական դեմարշներ են անհրաժեշտ, և դա պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կստիպի Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և գոնե ապահովել անվտանգության չնչին մակարդակը մեր տարածաշրջանում»,- նշում է քաղաքագետը: Նա նաև վստահ է, որ այդ դեպքում հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները վերջապես կդառնան հասցեական։