Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեքիաթ հեքիաթի մասին

հեքիաթ1

Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Հեղինակը նշում է, որ հեքիաթների գիրքը նախատեսված է թե մեծերի եւ թե փոքրերի համար: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը: Ըստ հրապարակախոս Անահիտ Ադամյանի մեկնաբանության՝ Առաջին հեքիաթը ձյան մասին էր՝ ավելի ճիշտ ձմռան՝ առանց ձյան ու ձյան հետ, իսկ հեքիաթի վերջում երկնքից բազմաթիվ աստղիկներ էին իջնում ճերմակ ձյան փաթիլների տեսքով: Երկրորդ հեքիաթը Ցող անունով աղջկա մասին էր, որ կարող է նկարել բոլորին ու ամեն ինչ և ամբողջ գիրքն էլ Ցող անունով աղջկա նկարներով է ծաղկած: Երրորդ հեքիաթը, որ կոչվում է «Առավոտ», շատ մանկական է, բայց մեծերիս համար, որովհետև միայն մեծերս կհասկանանք՝ ինչու է երկինքը որոնում ուրիշ մի երկինք ու ինքն իրեն է գտնում՝ անշարժության մեջ ավելի ծերացած ու խորշոմած: Միայն մեծերս կհասկանանք՝ ինչու աստղերը չեն ուզում դուրս գալ երկնքի գրպանից, ուր ապրում են հանգիստ ու անհոգս: Միայն մեծերս կհասկանանք, թե ինչու առանց երկնքի հնարավոր չէ ապրել: Եվ միայն մեծերս գիտենք, որ մնացածը «դատարկ հեքիաթներ են, որ ստեղծում են մարդիկ՝ իրենք իրենց տեղը կորցնելն արդարացնելու համար»: Արևիկ անունով փոքրիկ աղջկա մասին է չորրորդ հեքիաթը: Նա նոր է սկսում քայլել և նրա ամեն քայլը հանդիպում է անծանոթ աշխարհի հետ, որ նա հասկանալու համար ստիպված է անվանել: Անվանել իր լեզվով: Հինգերորդ հեքիաթը Նարե անունով աղջկա մասին է՝ փոքրիկ, փոքրիկ մի աղջկա, որ չի սիրում քնել, ու երբ մայրիկն օրոր է ասում, նա զայրանում է, որ իրեն թույլ չեն տալիս նայել աշխարհին ու անընդհատ քնեցնում են: Իսկ երբ մայրիկի բախտը բերում է, և «Նարուկը քնում է, բոլորը տեսնում են, որ անգամ փակ աչքերով Նարուկը ժպտում է աշխարհին և բոլորին»: Վեցերորդ հեքիաթը՝ հոգնած ինքնաթիռի մասին, նորից մեծերիս համար է, որովհետև միայն մենք կհավատանք ինքնաթիռին, որ այլևս չի ուզում թռչել: Խնձորի մասին է յոթերորդ հեքիաթը, խնձորի, որ ընկնում է տատիկի համար: Իսկ տատիկը աշխարհի բոլոր տատիկների նման սուրճ է խմում ու մտածում աշխարհի լավ ու վատի, բարու ու չարի, ուրախության ու տխրության, կյանքի ու մահվան մասին: Ահա հեքիաթներից մեկը, որը հեղինակի ամենասիրելիներից է։  «Առավոտ»  Օրերից մի օր երկինքը որոշում է գնալ հեռու երկրներ եւ տեսնել, թե հեռու երկրներում ինչպես է իրեն զգում իր ընկեր երկինքը: Վեր է կենում, հավաքում փեշերը, ամպերը, աստղերն ու լուսինը, արեւն ու անհրաժեշտ այլ իրեր ու ճամփա է ընկնում: Շատ է գնում թե քիչ, ինքն էլ չգիտի, բայց հասկանում է, որ ճամփան ավելի ու ավելի է երկարում եւ վերջն ու ծայրը չի երեւում: Հոգնում է երկինքը իր երկար ճամփորդությունից, որոշում է նստել մի քարի եւ հանգստանալ: Իջնում է քարին, փռելով ամպերը, աստղերը, արեւն ու լուսինը քարին ու սարին: Նստած մտածում է աշխարհի բանը, եւ աչքը կպնում է, քուն է մտնում երկինքը: Շատ է քնում թե քիչ, ինքն էլ չգիտի, բայց զգում է, որ քնի մեջ երազ է տեսնում, մի անսովոր եւ կարճ երազ: Իբր ինքը նստած է քարին ու քնել է եւ այդ քնի մեջ արեւն ու աստղերը նրան ձայն են տալիս.«Երկինք մայրիկ, երկինք մայրիկ, վեր կաց, արդեն առավոտ է, իսկ մարդիկ դեռ չգիտեն այդ մասին, վեր կաց, մարդկանց ավետիր, որ արդեն առավոտ է»: Երկինքը բացում է աչքերը, հավաքում է փեշերը, ամպերն ու աստղերը, արեւն ու լուսինը, բարձրանում է քարից եւ նայում շուրջը: Իրոք, արդեն առավոտ է, բայց մարդիկ տեղեկացված չեն այդ մասին: Շատ է նայում թե քիչ, երկինքն ինքն էլ չգիտի, բայց որոշում է իր կյանքում երբեւէ չարած քայլ անել՝ մարդկանց մոլորեցնել: Մտքում ծիծաղում է իր չարաճճիության վրա, բայց արդեն որոշել էր: Իսկ որոշելու եւ քայլ անելու միջեւ երկնքի համար չկա ժամ ու ժամանակ: Երկինքը կիտում է ամպերը, կիտում է հենց այն քարի շուրջ, որի վրա նստել ու քնել էր, եւ, որի վրա քնած ժամանակ երազ էր տեսել, կարճ երազ այն մասին, որ առավոտն արդեն բացվել է, մինչդեռ մարդիկ տեղեկացված չեն այդ մասին:Կիտած ամպերին երկինքը հրահանգում է՝ նստեք եւ չշարժվեք, ես գործեր ունեմ, մի խանգարեք»: Երկինքը բոլոր աստղերին, արեւն ու լուսինը խցկում է իր գրպանը, քթի տակ երգելով հավաքում ու թաքցնում է ամպերի վերջին ծվենները: Առավոտը կորչում է , անհետանում, մարդիկ հայտնվում են մութի եւ խավարի մեջ, ծիտիկները զարմացած ու վախեցած ծվարում են իրենց տեղերում, առվակները դադարում են հոսել, ամեն ինչ դառնում է մեռյալ թագավորության նման, կարծես մի կախարդական ձեռք քարացնում է ամեն ինչ եւ ամենքին: Երկինքն այսպես մնում է որոշ ժամանակ, շատ է այդ ժամանակը թե քիչ ինքն էլ չգիտի, բայց, երբ որոշում է վերջ տալ չարությանը, գրպանի աստղերից մեկը քաշում է երկնքի թեւն ու ասում.«Թող մնանք այստեղ, այստեղ տա ք է եւ ապահով, այստեղ կուշտ ենք եւ հարստացած, մի նետիր մեզ վեր, մեզ այստեղ ավելի լավ ենք զգում»: Երկինքը խոժոռվում է, աստղերից նման բան չէր սպասում: Շատ է խոժոռված մնում թե քիչ ինքն էլ չգիտի, բայց աստղին պատասխանում է .«Եթե դուք մնանք իմ գրպանում, կդառնաք գրպանային աստղեր, մարդիկ հավերժական մթության մեջ կհայտնվեն, մարդիկ կմնան ցրտի եւ անապահովության մեջ»: Աստղերը չեն համաձայնում երկինքի հետ, իրենք իրենց ապահով են զգում եւ դա նրանց բավարարում է; Տեսնելով աստղերի այս անտարբերությունը մարդկանց նկատմամբ, երկինքը շատ է զայրանում, հասկանալով, որ իր իսկ սկսած խաղը իր դեմ է դուրս գալիս: Շատ է զայրանում թե քիչ, ինքն էլ չգիտի, բայց ձեռքը գրպանն է տանում եւ դուրս հանելով ամպի ծվենները, աստղերը, արեւն ու լուսինը, շպրտում է իրենց տեղերը, բոլորին եւ ամեն ինչ իր տեղերը դնելուց հետո երկինքը հոգնած նստում է քարին եւ մտածում աշխարհի, առավոտի, աստղերի եւ արեւի մասին: Շատ է մտածում թե քիչ ինքն էլ չգիտի, մեկ էլ զգում է, որ մեկն իր թեւը քաշելով ասում է. «Վեր կաց երկինք ջան, վեր կաց, մի հուսահատվիր, մի քարացիր, վեր կաց, կուզես, մի քիչ արտասվիր, դա օգնում է»: Նայում է երկինքը իր զրուցակցին եւ տեսնում, որ իր առաջ ինքն է կանգնած, բայց ավելի ծեր եւ ավելի ամպամած: Վեր է կենում եւ ետ վերադառնում իր նախնիների օրրանը։Շատ է գնում թե քիչ, ինքն էլ չգիտի, բայց մեկ բան այլեւս հաստատ է՝ երկինքը գիտի իր տեղը եւ գիտի, որ ինքը տեղապահն է եւ իրավունք չունի խառնաշփոթ ստեղծել տիեզերքի կարգ ու կանոնի մեջ: Իսկ թե ինչպես են ապրում իր ազգակից այլ երկինքները, մեր երկինքին այլեւս քիչ է հուզում, որովհետեւ ինքը գիտի հաստատ՝ իր գործը երկինք լինելն է, աստղերինը՝աստղ լինելը, արեւինը՝ արեւ լինելը, դե, լուսնինն էլ՝ լուսին; Իսկ մնացած բաները դատարկ հեքիաթներ են, որոնք ստեղծում են մարդիկ իրենք իրենց տեղը կորցնելն արդարացնելու համար: Հեքիաթի վերջում երկնքից երեք աստղ ընկավ եւ թոռնիկը նայելով տատիկին ասաց. «Տատիկ, տատիկ, աստղ է ընկնում, մեկ-երկու, երեք, ցանկություն պահիր տատիկ, ցանկություն պահիր, հաստատ կկատարվի»: