Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրյուսելում որոշվել է «Եվրո-2008»-ի ընտրական առաջին խմբի խաղացանկը, որում Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիպելու են 2007թ. սեպտեմբերին: ՈւԵՖԱ-ն բազմիցս նշել է, որ հանդիպումները կայանալու են Բաքվում եւ Երեւանում, սակայն ադրբեջանական կողմը չհաշտվելով այս որոշման հետ շարունակում է իրականությանը չհամապատսխանող լուրեր տարածել:

Մասնավորապես, այսօր ադրբեջանական day.az ինտերնետային կայքը տեղեկություն է տարածել, թե իբր Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները նախնական համաձայնության են եկել հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Ադրբեջանում սուտ տեղեկություն է հրապարակվել, քանի որ նման համաձայնություն չի եղել եւ հայական կողմը բազմիցս հայտարարել է, որ հանդիպումները պետք է կայանան Երեւանում եւ Բաքվում:

Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ Բրյուսելում կայացած քննարկման ժամանակ ՈւԵՖԱ-ն չի անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումներին: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները մինչդեռ քննարկման հենց սկզբում նշել էին, որ հավաքականները պարտավոր են հանդիպումները անցկացնել սեփական հարկի տակ եւ չեզոք դաշտի տարբերակաը բացառված է: ՈւԵՖԱ-ի կանոնադրության մեջ հստակ գրված է, որ ֆուտբոլի ֆեդերացիաները պարտավոր են պատճաշ կերպով ընդունել հյուրընկալվող հավաքականներին եւ ապահովել նրանց անվտանգությունը:

Ըստ խաղացանկի` առաջին հանդիպումը այս երկրների միջեւ կայանալու է Բաքվում, ինչը ձեռնտու է Հայաստանին, քանի որ այդ դեպքում 2 հանդիպումների արդյունքում առավելություն ստանալու լավ հնարավորություն է ընձեռվում: