Հակառակորդին պատասխանել ենք մի քանի անգամ ավելի. Ս. Օհանյան (տեսանյութ)
«Հպարտանում եմ բոլորի ծնողներով, որոնք հերոսներ են լույս աշխարհ բերում: Մեր մարտական ոգին անպարտելի է, անցյալ տարում հակառակորդի պատճառած կորուստներին մենք պատասխանել ենք՝ մի քանի անգամ ավելի կորուստներ պատճառելով»,- այսօր հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը տեղեկացրեց, որ 2013-ի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել զորքերի պատրաստմանը, հատկապես հրամանատարներինը։ Հատկապես առանձնացվեց օպերատիվ մարտավարական զորավարժությունները Նախիջեւանի ուղղությամբ: «Բանակն իր առջեւ դրված խնդիրներն ի զորու է իրականացնել: Մենք հավասար քայլեր ենք կատարում աշխարհի ուժեղագույն բանակների հետ մարտական պատրաստվածության ուղղությամբ: Մենք, իհարկե, շարունակել ենք ամրապնդել միջազգային երաշխիքները, իսկ մասնակցությունը խաղաղապահության մեջ, կարող եմ ասել, որ մեր խաղաղապահները գործունակ են, մենք ոչ միայն անվտանգություն սպառող ենք, այլեւ անվտանգություն ապահովող»,- հայտարարեց նախարարը: Հեռահար զենքերի ձեռքբերումը հնարավորություն է տալու պաշտպանական զինուժի կատարելագործմանը: Բարելավվել է գնումների գործընթացը, դրանց թափանցիկության, մատակարարման ողջ գործընթացը. «Բարձրացրել ենք զինծառայողների աշխատավարձերը: Կառուցում ենք լոգարաններ, որպեսզի մեր զինվորներն անհրաժեշտության դեպքում կարողանան լողանալ»: Կարգապահության խախտումների մասով, ըստ նախարարի, ունենք 32 տոկոս դեպքերի նվազում: «2014 թվականը ես հայտարարել եմ փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Դպրոցների, բուհերի, մշակութային ոլորտի, իրավապահների հետ ակնկալում ենք ձեր աջակցությունը: Պետք է հասկանանք, որ փողոցային բարքերը չպետք է դառնան մեր առօրեական արժեքները»,- ասում է Սեյրան Օհանյանը: