Շանթի բողոքը մերժվել է
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի բողոքը եւ անփոփոխ թողեց նրա կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատավորը ընթերցել է միայն եզրափակիչ մասը, եւ որոշումը դեռ չի ստացել։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը անազատության մեջ է գտնվում նոյեմբերի 5-ից։ Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Վերջինս փորձել էր հեղափոխություն իրականացնել։ Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է բոլոր այն հիմքերը, որով հիմնավորվում է, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա, եւ մեղադրանքն անհիմն է։ Ի դեպ, Շանթ Հարությունյանը հունվարի 9-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, եւ բուժումները դեռ շարունակվում են։