Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է, ինչ 85 տարեկան է

Paruyr-Sevak-1

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է, ինչ 85 տարեկան է. ինչպե՞ս։ «Պարզ թվաբանություն» առ` ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետարանի պատկան այրերին, արվեստի ու մշակույթի վաստակավոր և անտիտղոսակիր գործիչներին, կեղծ ու անկեղծ սևակասերներին և ի վերջո` աչքի չընկնող, պարզ բանականությամբ հայերին: Եվ որ ոգու փրկության քանորդում` լուծումը չլինի` Ձայն բարբառոյ յանապատի... Հսկայական գովազդային այս վահանակին ամրացված պաստառը` նվիրված հանճարեղ Պարույր Սևակի 85 ամյակին, որը տեղադրված է Դավիթաշեն համայնքում` Եղվարդի խճուղու վրա` «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերության աչքի առաջ, հինգ տարի շարունակ անտեսված է, խամրում է օր-օրի, և ոչ մեկի մտքով չի անցնում հանել այն կամ նորով փոխարինել: Ու անթարթ նայում է Պարույր Սևակն անցորդներին, «լռում է, լռում այնպես, ինչպես բառը բառարանում» և խոկում խորհրդավոր… Ի՞նչ անուն տալ` Անտարբերության թշնամի՞, Կակազող լույսե՞ր, Անարժեքության տապկանո՞ց, Մարդ էլ կա, մա՞րդ էլ, Զո՞ւր ես համբերում թե՞ Զարմանալի՞ բախտ... …Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա´խտը, Բա´խտը, Բախտն է մեզ ընտրում… Ժողովրդական խոսքն ասում է` «Աշխարհի չափ խելք ունենալու փոխարեն, մի մատնոցի չափ բախտ ունեցիր»: Էլ ի՞նչ Երջանկության դափնեկիր` երբ ծառը կտրելուց հետո էլ չենք նկատում բնի հաստությունը...: Եվ այսքա՞ն անտարբերությամբ պիտի մեծարենք մեր ազգային մտավոր արժեքներին, ու այսպես պաղ ու միալար պիտի տարինե՞ր թերթենք ու դարե՞ր շրջենք... Համոզված եմ` ո´չ: Քանզի …ամենից շատ, ես հավատում եմ հավատին մարդու` Հայոց 90-ամյա հանճարի` Պարույր Սևակի հավատին, որ Եղիցի՜ լույս… Ջեմմա Բաղդադյան/ ընթերցող