Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում կրքերը թեժացան (տեսանյութ)

Քաղաքականություն
e10fd578d6c9014af5e11c3ce731967e

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն: Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի հեղինակած նախագիծը: Ըստ այդմ` Գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, ու արդյունքում ներկայացվի եզրակացություն: Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին հնչող գնահատականներից ու կարծիքներից, եւ նա հայտարարեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել Կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է` ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար` դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»: Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը միջամտեց նրան` հայտարարելով. «Ի՞նչն է ծիծաղելի, սա լուրջ քննարկում է, հորդորում եմ ձեզ` կոռեկտության մեջ մնալ»: «Պարոն Մարգարյան, ձեր միջամտությունն ակնկալվում էր ավելի վաղ, ու ես պահում եմ կոռեկտությունը, եւ, ի դեպ, ես ինքս կարող եմ այստեղ իրավական ու Սահմանադրության դասեր տալ»: Այս խոսքերը վիրավորեցին պատգամավորներին. ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանն ու Դավիթ Հարությունյանը բուռն արձագանքեցին. «Դուք հիմա վիրավորում եք բոլորիս, սա ինչ բան է: Ես կոչ եմ անում նիստը վարողին դադարեցնել նիստը, եթե այսպես է շարունակվելու»: Այնուհետեւ Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ ի պատասխան ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»: Գրիգոր Մուրադյանը ռեպլիկի կարգով ելույթների ավարտին հայտարարեց, թե ԱԺ Կառավարության ղեկավարն ում կուղարկի՝ ինքն է որոշում. «Սա էթիկայի խնդիր է, այստեղ սուտ տեղեկատվություն չի տարածվել իմ կողմից ու ընդհանրապես այստեղ բացահայտ մեղադրանք հնչեցվեց իմ հասցեին»: Մինչ այդ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ելույթ ունենալով, նշեց, որ պատահաբար կամ թյուրիմացաբար ինքն այս նախագծի համահեղինակների ցանկում չկա ու խնդրեց իրեն եւս ընդգրկել, քանի որ կողմ է: Նա հիշեցրեց «Մարտի մեկի ժամանակավոր նոր հանձնաժողով» ստեղծելու մասին իր հեղինակած նախագծի քննարկումները, որի ժամանակ արդեն կողմ էր արտահայտվել նման նախագիծ ստեղծելուն: Ըստ նրա` անհասկանալի է Արդարադատության փոխնախարարի կողմից շեշտվող հաշվետվություն բառը. «Չգիտեմ` դա միտումնավո՞ր է արվում, մինչդեռ իրականում խոսքը գնում էր դատախազի կողմից հաղորդում ներկայացնելու մասին. հաշվետվություն ներկայացվում է վերադասին: Իսկ ԱԺ-ին եզրակացություն տալու մեջ ես շատ նորմալ բան եմ տեսնում, քանի որ Գլխավոր դատախազի հաղորդումը պետք է գա մեր հանձնաժողով, հակառակ դեպքում` ԱԺ-ն մատի՞ց պիտի հոտ քաշի, որ իմանա` ինչ որոշումներ ընդունի: Պարոն Մուրադյան, գոնե մեկ-մեկ, երբ նորմալ նախագիծ է ԱԺ-ն ներկայացնում, չեմ ասում ամեն անհեթեթ նախագծի դրական արտահայտվեք, բայց գոնե այդ մեկ-մեկ դեպքերում Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի եղեք ու փորձեք համագործակցել մեզ հետ»: ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բարկացած առաջարկեց ընդհանրապես, իր խոսքերով, հեղափոխական առաջարկ. «Եկեք ընդհանրապես չլսենք, ուրեմն, դատախազի հաղորդումը, քանի որ քվեարկություն չկա, եզրակացություն չկա, ու դա գործի ոչ միայն Գլխավոր դատախազի, այլեւ ՄԻՊ-ի, ԿԲ-ի ու ՀՔԾ-ի դեպքերում: Ես ուղղակի չեմ հասկանում` ո՞րն է կառավարության կողմից մերժման չափանիշը»: Վերջնարդյունքում ներկայացված նախագիծը դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ օրակարգ: