Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարաձայնություններ ԱԺ-ում

Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ ունեցան «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ: Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է հաշվետու լինի ԱԺ-ին: Մինչ այդ, ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացնում էր հաշվետվություն, սակայն ԱԺ-ն չէր կարող գնահատական կամ եզրակացություն տալ դրան: ՀՀԿ պատգամավոր եւ հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանը դեմ էր նախագծին: Նրա հետ համակարծիք էր նաեւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ Կառավարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ բացասական էր. «Մենք կարծում ենք, որ Գլխավոր դատախազությունը չի կարող ներկայացնել հաշվետվություն ԱԺ-ին, ինչպես էլ որ դա անվանեք` գրավոր հաղորդում, զեկույց: Իսկ համեմատությունը այլ մարմինների հետ տեղին չէ, քանի որ, օրինակ` Կենտրոնական բանկը գործադիր մարմնի մաս է կազմում ու պետք է հաշվետու լինի»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համոզմամբ` ՄԻՊ-ի հետ համեմատությունն էլ ընդհանրապես տեղին չէր լինի. «Թեկուզ, եթե այն ավելի մեծ պաշտպանվածություն ունի, քան դատախազությունը, բայց ԱԺ-ին ներկայացնում է հաշվետվություն»: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր` Կառավարությունն ինչ է հասկանում հաշվետվություն ասելով, որից, ըստ պատգամավորի, գործադիրն այդքան վախենում է: «Եթե Սահմանադրությամբ ամրագրվի, որ դատախազությունը համարվում է գործադիր մարմին, ապա այստեղ որեւէ խնդիր չի լինի, որ իր քաղաքական կարգավիճակից ելնելով` Գլխավոր դատախազը լիովին հաշվետու լինի ԱԺ-ին: Ես բնավ չեմ պատկերացնում, որ զուտ իրավապահ մարմնից ակնկալում ենք հաղորդում. դատախազության գործառույթների արդյունավետությունը արդարադատության մարմնի գործառույթն է, դատախազությունը դատական մարմինների մաս կազմող է: Եւ այստեղ ես այլեւս քննարկման առարկա, նյութ չեմ տեսնում: Դրանք լրիվ այլ կարգավիճակներ են, թե ինչու է, օրինակ, ՄԻՊ-ը, չլինելով քաղաքական մարմին, գալիս ԱԺ ու հաշվետվություն ներկայացնում, ես չեմ կարող ասել: Միգուցե նա կարեւոր գործառույթ է կատարում, դա է պատճառը»: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բազմաթիվ հակասություններ է գտնում Արդարադատության փոխնախարարի արտահայտած մտքերի մեջ: Նա այն համոզմանն է, որ եթե Գլխավոր դատախազը, գալով ԱԺ, պետք է զբաղվի միայն ընթերցանությամբ, ապա պատգամավորներն իրենք եւս կարող են ընթերցել հաշվետվություն` առանց դատախազին խորհրդարան հրավիրելու: Պարոն Հարությունյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազը համաձայնել էր այս հարցում իրենց հետ: Փոխնախարարը տեղյակ չէր դատախազի այդ համաձայնությունից: Իսկ Դավիթ Հարությունյանը, սպառելով իր հարցերն ու լսելով պատասխանները, նկատեց, որ արդյունքում նա չստացավ ըստ էության պատասխաններ. «Պարոն Մուրադյան, դուք խուսանավեցիք իմ հարցերին պատասխանելուց»: Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ նա ԱԺ չի եկել քննության: