Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյան. «Աբսուրդի թատրոն է» (տեսանյութ)

Հասարակություն
kiviryan

Դեռ դատական նիստը չսկսած` Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր ինքնաբացարկ հայտարարեց Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Միջնորդության պատճառը դատավորի կողմից նկարահանումներն արգելելն էր: «Դատարանը ցույց է տալիս, որ ինքը ոչ թե դատարան է, այլ ոստիկանության հովանավորն է, ինքը ամեն ձեւ, բոլոր գործողություններով փորձում է հովանավորել ոստիկանությանը, ոստիկանության ապօրինությունները»,- հայտարարեց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը։ Դատավորն արգելեց նկարահանումները՝ հիմք ընդունելով ոստիկանների այն պատճառաբանությունը, թե տեսախցիկը կկաշկանդի նրանց։ «Ինչ է, մանկապարտեզի սանիկնե՞ր են, որ կաշկանդվեն»,-հարց է տալիս իրավապաշտպանը։ Վարչական դատարանն այսօր պետք է շարունակեր ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի։ Նա մեղադրվում է սեպտեմբերի 4-ին ընդդեմ Մաքսային միության` Բաղրամյան 26-ի դիմաց կայացած ցույցի ընթացքում ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար. «Մի հատ աբսուրդի թատրոն է եւ այդ թատրոնը փորձում են անցկացնել դատարանում»։ Այսօրվա նիստի ընթացքում, որն ավարտվեց դեռ չսկսված, դատավորը նաեւ հասցրեց դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ՝ դատավորի հետ վիճաբանելու համար։ Նրա լիազոր ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանը պահվածքը գնահատեց անթույլատրելի եւ կանխակալ։ «Արգիշտի Կիվիրյանը հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան եւ օրենքն արգելում է, որեւէ սանկցիայի կիրառում»,- ավելացրեց նա։ Այս գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին։ Այս պահին Արգիշտի Կիվիրյանը տարբեր կարգավիճակներով անցնում է 3 քաղաքացիական եւ մեկ քրեական գործով եւ շարունակում պնդել, որ ենթարկվում է քաղաքական հետապնդումների։