Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր մասնագիտություններն են պահանջված մարզերում

Հասարակություն
ashxatanq

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում աշխատանք փնտրողների թիվը մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել է։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական ծառայության գործակալության Արմավիրի մարզային զբաղվածության կենտրոնի թափուր աշխատատեղերի գրանցման և հաշվառման բաժնի պետ Նարինե Կուրղինյանը։ Նրա փոխանցմամբ՝ 2013 թվականին զբաղվածության կենտրոնում հաշվառվել է 2098 աշխատանք փնտրող, իսկ 2012-ին՝ 1074-ը։ Նարինե Կուրղինյանի խոսքով՝ աշխատանք փնտրողների թվի աճը պայմանավորված է Արմավիրի մարզում անցյալ տարվա մայիսի 12-ին գրանցված կարկտահարությամբ. «Կարկուտից տուժած համայնքներում գյուղնշանակության հողերի սեփականատերերի զբաղվածության աջակցության ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրողների հաշվառում կատարեցինք, որի հետևանքով 1100 աշխատանք փնտրող քաղաքացի ներառեցինք ծրագրում», - նշեց Կուրղինյանը։ Նա ասաց, որ այս պահի դրությամբ Արմավիր քաղաքի զբաղվածության կենտրոնում մեկ թափուր աշխատատեղ կա. «Անցյալ տարվանից մեզ մոտ մնացել է քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի թափուր հաստիքը», - ավելացրեց Նարինե Կուրղինյանը։ Զբաղվածության կենտրոնում գրանցված են 899 գործազուրկ, որոնցից 662-ը կանայք են։ Զբաղվածության պետական ծառայության գործակալության Արմավիրի մարզային զբաղվածության կենտրոնի թափուր աշխատատեղերի գրանցման և հաշվառման բաժնի պետի տվյալներով՝ Արմավիր քաղաքում հիմնականում վարսահարդարների, համակարգչային օպերատորների և խոհարարների կարիք կա։