Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային խմբի կազմը հայտնի է

Քաղաքականություն
Mkrtumyan-Zohrabyan

Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խումբ ձևավորելու համար` հույս հայտնելով, որ այն կաշխատի նպատակային և կկարողանա բոլոր հարցերը լուծել ի շահ հանրության: Մկրտումյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկը: Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ: Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար Արման Մկրտումյանը ներկայացրել է նաև եվրոպական երկրների դատավորների քանակային ցուցանիշը 100 հազար անձի նկատմամբ, ինչը Եվրոպայում կազմում է 21.3, մինչդեռ Հայաստանում ընդամենը 6.7 է: Անդրադառնալով Վճռաբեկ դատարան ստացվող բողոքներին` Մկրտումյանը նշել է, որ թեև բողոքարկվող դատական ատյանների տոկոսը բավականին ցածր է` 5 տոկոս (տարեկան 4 հազար բողոք), սակայն այն պետք է քննվի Վճռաբեկ դատարանի ընդամենը 17 հոգանոց կազմով: Այսպիսով` նա աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս առավել ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակը: Կոչ է արել օրենսդրական բարեփոխումներ առաջարկելիս գտնել այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն թեթևացնելու այդ ծանրաբեռնվածությունը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` ընդունելության և դատական համակարգում առկա խնդիրներն ի շահ հանրությանը լուծելու պատրաստակամության համար: Զոհրաբյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է աշխատանքային խմբի` Փաստաբանների պալատի կազմը և համոզմունք հայտնել, որ դատական իշխանության և փաստաբանական համայնքի համագործակցությունը արդյունավետ կլինի յուրաքանչյուր անձի համար: Աշխատանքային խումբն առաջին նիստում որոշել է մշակել բարեփոխումների հայեցակարգ: Աշխատանքային խմբի կազմը.   ՀՀ փաստաբանների պալատ 1. Արթուր Հովհաննիսյան (արտոնագիր` 1732), 2. Սամվել Սիմոնյան (արտոնագիր` 770), 3. Արմինե Ֆանյանի (արտոնագիր` 1262), 4. Դավիթ Հունանյան (արտոնագիր` 1217):   ՀՀ վճռաբեկ դատարան 1. Մամիկոն Դրմեյան ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր 2. Ելիզավետա Դանիելյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 3. Արսեն Մկրտչյան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր 4. Կարեն Փոլադյան ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար