Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր դպրոցները կմիավորվե՞ն

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

Արմավիրի մարզի դպրոցների աշխատողների կրճատումների մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե կրճատումները մասնավորպես վերաբերելու են կազմակերպչական և դաստիարակչական գծով փոխտնօրեններին ու տնտեսվարներին, Սայադյանն ասաց.«Դպրոցները բյուջետային հիմնարկներ չեն ՊՈԱԿ- ներ են, եթե իրենք գումարներ ունեն, կարող են այդ աշխատողներին պահել, եթե փող չունեն . չեն կարող պահել»։ Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը  ավելացրեց՝ իրենք չեն թողնի, որ դպրոցում որևէ մեկը մնա առանց աշխատանքի։ Գայանե Սայադյանը նաև հերքեց, որ կարող են մինչև 301 աշակերտներ ունեցող դպրոցները միավորել։ Նա հայտնեց, որ հնարավոր է միավորեն մինչև 20 աշակետ ունեցող դպրոցները, քանի որ այդ կրթօջախները չեն կարողանում ոչ մի հաստիք պահել բացի տնօրենից և ուսուցիչներից։ «Նրանք չեն կարողանում պահակի գումար տալ, ավելի լավ չի լինի՞ այդ դպրոցները միավորել և այդ գումարներով ուրիշ հաստիք պահելու փոխարեն տրանսպորտային միջոցով ապահովվեն աշակերտներին հարևան գյուղ դպրոց գնալու համար», - կարծում է Գայանե Սայադյանը։ Նա տեղեկացրեց, որ այդպիսի դպրոցներ մարզում երկուսն են՝ Տալվորիկ գյուղի դպրոցը, որտեղ սովորում են 16 և Արտամետի դպրոցը՝ 20 աշակերտով։ Արևադաշտի միջնակարգ դպրոցում սովորում է 53 աշակերտ։ Տնօրեն Շողակաթ Խաչատրյան ասաց, որ առայժմ իրենք մարզպետարանից դպրոցում կրճատումների մասին գրություն չեն ստացել։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցները միավորվեն, Խաչատրյանը պատասխանեց.«Հնարավոր է լինի նման բան, բայց առայժմ մեզ ոչ ոք այս մասին բան չի ասել»։ Ջրարբի գյուղի դպրոցի տնօրեն Սևակ Ղազարյանը նույնպես նշեց, որ մարզպետարանից իրենք դպրոցում կրճատումների վերաբերյալ ոչ մի գրություն չեն ստացել։ Տնօրենի խոսքով՝ միայն մայրաքաղաքում է հնարավոր դպրոցները միավորել.«Ոնց կարելի է համայնքների դպրոցները միավորել, այդպես անհնար կլինի մի գյուղից մյուսը դպրոց գնալ, գյուղերը միմյանց հետ տրանսպորտային կապ չունեն», - ասաց Սևակ Ղազարյանը։ ՀՀ Կրթության Գիտության նախարարությունը կրճատումների և դպրոցների միավորման մասին լուրերը հերքեց։