«Մեր քաղաքացիները պետք է հնարավորինս աղքատանան» (տեսանյութ)
«Սա իշխանությունների կողմից ընդունված քաղաքականության սովորական դրսևորումն է»,- անդրադառնալով գետնանցումների տարածքների վարձավճարների հնարավոր թանկացման մասին լուրերին` ասաց Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից։ Այս համատեքստում պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «ամեն ինչն էլ պիտի թանկանա: Մեր քաղաքացիները պետք է հնարավորինս աղքատանան: Միջին ու փոքր ձեռներեցները չպետք է զարգանան: Գումարները պետք է փոքր ու միջինից հավաքագրեն: Ոչ մի զարմանալի բան չկա։ Դա իշխանության գործելաոճն է»: Հարցը, սակայն, դեռ չի մտել ավագանու օրակարգ. «Ցանկացած պարագայում, երբ որ այդ հարցը գա ավագանի լսվելու կտեսնենք ինչ են ասում, և մեր դիրքորոշումը կհայտնենք»։ Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունից, սակայն մեր հեռախոսազանգերին կամ չէին պատասխանում, կամ էլ տեղյակ չէին։ Իսկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ խնդրեցին, որ մեր հարցերը ուղարկենք գրավոր տեսքով և խոստացան պատասխանել։ «Ա1+»-ը նաև զրուցեց գետնանցումների կրպակների աշխատակիցների հետ։ Աշխատակիցների մեծամասնությունը առաջին անգամ էր լսում հնարավոր թանկացման մասին։ Ոմանք հերքեցին այս տեղեկությունները՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ։ Իսկ աշխատակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թանկացման դեպքում շատ չեն տուժի և կկարողանան աշխատել։ Իսկ ներկայիս վարձավճարի մասին հարցին պատասխանեց, որ նորմալ է, չեն դժգոհում։ Դիտեք նաեւ տեսանյութը