Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու հնարավոր չէ զարգացնել Երեւանի մետրոն (տեսանյութ)

Հասարակություն
Ճարտարապետ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան  Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին՝ վստահեցնում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը: Այն,  որ այսօր Մետրոյի ծննդյան օրն է, «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը չգիտեր, փոխարենը լավ գիտե հայկական մետրոյի կառուցման պատմության և խնդիրների մասին: Նրա խոսքով` հայկական մետրոպոլիտենը թերանում է միայն իր ծավալով և ժամանակակից դիզայնով: Ալբերտ Զուրաբյանը չի կիսում այն կարծիքը, թե մետրոյի կայարանները միմյանց մոտ են տեղակայված: Ըստ նրա` կայարանների մոտ կամ հեռու կառուցելու համար բազմաթիվ պատճառներ կային. «Ճանապարհների կտրվածքի, թունելների դիրքի խնդիրներ կային, բացի այդ, այդպես են կայանները տեղակայվել, որ բնակչությունը հարմարավետ ձևով օգտվի», - նկատում է «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը: Պարոն Զուրաբյանը մտահոգվում է` եթե ցանկություն լինի մետրոյի կայարաններն ավելացնել, ապա դա անհնար կլինի. «Քաղաքն այսօր հապճեպ է զարգանում, իր նախատեսված հատակագծով չի զարգանում, եթե ցանկանանք «Երիտասարդական» կայանի մի ելքը բացել, ապա դա հնարավոր չի լինի, որովհետև Սայաթ –Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցված եկեղեցին կխանգարի շինարարությանը», - կարծում է ճարտարապետը: Ալբերտ Զուրաբյանը, սակայն, մետրոպոլիտենի կայարանների ավելացման անհրաժեշտություն է տեսնում. «Հիմա շատ փոքր թվով մարդիկ են օգտվում, եթե կայաններն ավելանային, մարդիկ շատ կօգտվեին մետրոյից, և քաղաքն էլ կշնչի» - ասում է ճարտարապետը: «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետն այսօր այստեղ խնդիրներ է տեսնում. «Շատ բան կփոխեի. լուսավորության հարցը պետք է լուծել, նոր դիզայնով պետք է վերակառուցել», - նշում է Ալբերտ Զուրաբյանը: Ճարտարապետը կողմնակից է, որ Մետրոն իբրեւ կառույց ամբողջությամբ լիներ ստորգետնյա, ինչը չի հաջողվել. «Մենք ուզում էինք, որ գետնի տակ կառուցվի, որովհետև չպետք է ամեն ինչ լցվի գետնի վրա, հողն ափսոս է»։ Հիշեցնենք, որ այսօր Մետրոյի ծննդյան օրն է: 1863-ի հունվարի 10-ին աշխարհում առաջին անգամ շահագործվել է մետրոպոլիտենը: Մետրոյի առաջին երթուղին բացվել է Լոնդոնում: Ի դեպ, մեր մետրոպոլիտենում տեղյակ չէին, որ այսօր Մետրոյի օրն է, եւ մեր հարցումներին ի պատասխան՝ հանպատրաստից որեւէ տեղեկություն չտրամադրեցին։