Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուծիչ ամբողջությունը (տեսանյութ)

Նորություններ
20111008051509157

Անձամբ հանդիպել եմ մոտ տասն անգամ: Ահա ինչու չեմ կարող հպարտանալ (Կտակարանի մոտիվներով)՝ երանի նրանց, ովքեր կսիրեն առանց տեսնելու: Տեսել եմ նաեւ հիվանդությունից հետո: Ընդ որում, մեզ հարազատ մարդու հոգեհանգստին, եկեղեցում: Չեմ հիշում որեւէ բառ, որ ասել եմ նրան: Չեմ հիշում ոչինչ, որ նա է ասել: Հիշում եմ, որ աչքերում տագնապ չկար։ Հիշում եմ, որ մտածեցի՝ գրիչը սպունգ է։ Նրա կյանքի ամեն ակնթարթը տողերում է: Սա ասելն ավելի հեշտ է: Ամեն բառի ծանրությունը չափվում էր դողով, որը հետապնդում էր նրան գրոհելիս, համակրելիս, ծարավելիս: Եվ դողը հալում էր գրչի մեջ։ Մահացավ Մարդը: Դա միշտ չէ, որ տեղի է ունենում: Հավանաբար հունվարն այդպիսի ամիս է: Անցյալ տարի այս ամսին էլ Մարդ մահացավ: Լեւոնն իր աչքով չափեց ամեն օրը: Նա ինչ-որ բան գիտեր մահվան մասին: Որովհետեւ մահից անկախ հնարավոր չէ լինել Գրող: Նա մահը գուրգուրում էր, ինչպես որբի, որին պատերազմի դաշտում թողել են մենակ ու անհաղորդ։ Եվ իր տողերը նա լցրեց մահվան պատմություններով։ Այսպիսի մարդկանց սպանում է նյարդը: Այսպիսի մարդիկ խոցելի են դառնում հենց բաց նյարդի անպաշտպանությամբ: Նրանք նյարդ են առերեսում աշխարհի ընթացքին։ Այսպիսի մարդիկ զոհաբերվում են պինդ մարմնով: Այսպիսի մարդիկ պաշտպանվում են բառերով եւ հանձնվում գրով: Այսպիսի մարդիկ չգիտեն ինչ ասել է՝ սիրել կյանքը: Որովհետեւ դա հնարավոր չէ: Որովհետեւ սիրո համար չափազանց անհնար է ապրելը բաց աչքով եւ միայնակ գրչով: Այսպիսի մարդիկ աշխարհը հավաքում են զրոյից՝ սիրով, որովհետեւ գիտեն՝ սերը մեկնակետ է: Եզակի մարդ էր, որը երջանիկ էր գրով, որովհետեւ դեռ անպատասխան է հարցը, թե ինչ է գիրը, եւ անպատասխան է հարցը, թե ինչ է երջանկությունը։ Նրա պատմվածքներում երջանիկ մարդիկ չկան։ Որովհետեւ ինքը բոլորին բռնացնում է կուտակվող հարցերի կիզակետին։ Ոչ ոք ոչնչի պատասխանը չունի, մարդ-նովելներ են։ «Խնկի ծառերի» Շուշան տատի աշխարհի նման տարերային ու ծիսական է օրվա ամեն ակնթարթը, որը դառնում է գիր։ Դե դա կենցաղ է, ոչ թե զուգահեռ իրականություն։ Լեւոնն իր աչքով չափեց այդ միագիծ, այդ հորիզոնական կյանքը, որում հավանաբար ինքն ու ինչ-որ ուժեր մարգարեանալու կռիվներ էին տալիս։ Սովորաբար այսպիսի կռիվներում պարտվում է գրողը։ Որովհետեւ ինքը չի բավարարվում հորիզոնական հայացքով։ Որովհետեւ մնացած հայացքները միայն բտում են մահը։ Երբ գրողն ընդգրկում է ամբողջը, մահը աշխուժանում է, որովհետեւ ամբողջը հյուծում է։ Գրողը միշտ պարտվող է, որովհետեւ կյանքն է պարտություն։ Լեւոնի գիրը նույնականացման գիր էր, նրա «Կալանավորները» հերոսներ չունի, «Անձրեւն» ունի մեկ հերոս՝ խշշացող տաք ու հորդառատ։ Նույնականացում, ասել է, թե բոլոր հերոսները տղամարդ են։ Ինչպես Հեմինգուեյի պատմվածքներում։ Ասել է, թե պրիզման առնականությունն է։ Իսկ նրա գրչի ձայնը՝ խաղաղ, ոչ տիրական։ Խաղաղ է գրչի ձայնը, երբ «նշանառուների նշանակետերի օղակների մեջ» գնում են թշնամու դիրքերից դիակ բերելու («Փոխանակություն»)։ Մեկ ուրիշը մարդ սպանելուց առաջ (կռվի դաշտի ընկերոջ կնոջը բժիշկն առել է ու փախել) գնում է տասնհինգ տարի չհղիացող Վարդանի կնոջ տուն աչքալուսանք տալու, Վարդանի կինը վերջապես հղիացել է («Բուն»)։ Հընթացս պետք է բվին սպանի։ Կրակում է երաշտահավի վրա, կրակում է կեռնեխի վրա («կեռնեխն ընկել էր, բայց մի փետուր դեռ օդի մեջ, ոլորապտույտ սահելով, իջնում էր»), կրակում է շահրիկի վրա, բուն չկա ու չկա։ Իսկ վրեժը, տղամարդու վրեժը մնում է։ Ու մնալու է։ Իսկ «Հողի դողը» ավարտելու է տղամարդուն առանց վրեժից մեկ տառ հանելու։ Լեւոնը հերոսներ չուներ։ Նա եւ նրա գիրը ի սկզբանե հյուծիչ ամբողջություն էին։ Գնաց այս անհանգիստ հողի հրկիզված տան աղավնին։ Մհեր Արշակյան