Շանթ Հարությունյանի հացադուլը շարունակվում է
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ու Մաշտոցի պողոտայում անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանն արդեն 15 օր է՝ շարունակում է իր հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Շանթ Հարությունյանը գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ, եւ նրա հետ պարբերաբար սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տարվում՝ հորդորելով դուրս գալ հացադուլից։ Հանրային կապերի բաժնից նաեւ տեղեկացրին, որ Շանթ Հարությունյանը առողջության հետ կապված առայժմ լուրջ խնդիրներ չունի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ից Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության համար։ Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար (քր. օր. 316 հոդվածի 2-րդ մաս)։ Հոդվածը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում։