Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղացին քաղաքացի է դարձել»

Նորություններ Հասարակություն
tati

Արարատի մարզի Հայանիստ  գյուղում նոր տարվա շունչը դեռ  չի զգացվում: Նախատոնական  օրերը  գյուղում չեն տարբերվում տարվա մյուս  օրերից:   Այստեղ առայժմ  գյուղի տղամարդիկ  նարդի են գլորում, կանայք էլ առօրյա  տնային  գործերով են զբաղված: Գյուղացիներն անցնող տարուց գոհ չեն: Բերքն առատ չի եղել: Ասում են` քաղաքացու պես  Ամանորյա սեղանին կդնեն այն, ինչն իրենց  համեստ եկամուտով կարող են ձեռք բերել խանութներից: Ամանորն էլ կշնորհավորեն ոչ թե  տնական   ծիրանի օղիով, այլ  մեկ ուրիշ խմիչքով: Սվետլանա Մակյանը  գալիք Ամանորի մասին չի  էլ  մտածում:  Ասում է`  ընտանեկան բյուջեն շատ սուղ է, ստացած թոշակն էլ չի բավականացնի Նոր տարվա գնումների համար. «Բոստանից   տանձ ու խնձոր էլ դուրս չի գալիս, որ սեղանին դնենք, ծիրանն էլ  վատն ա եղել, չենք կարացել չիր անենք, որ գոնե սեղանին դնենք», -  մտահոգվում է  Սվետլանա տատիկը: Բնակիչներից Անյուտա Դեմիրճյանի խոսքով`  գյուղացին այսօր քաղաքացի է դարձել, արտադրողից դարձել սպառող. «Մենք էլ ենք քաղաքացի, նրանց նման   մրգերն ու բանջարեղենն առնում ենք, գյուղացին բերք չի կարողանում ստանալ, դրա համար էլ  թանկ ու կրակի գնով առնում ենք»,- ավելացրեց Հայանիստի բնակչուհին: Հարևանուհին էլ ավելացնում է, որ Նոր տարին առատ  սեղանի շուրջ դիմավորելու  համար վարկ չի վերցնելու, ճոխության հետևից չի ընկնելու. «Ինչպես կարանք՝ կնշենք, մեր գրպանի չափով   Նոր տարի կանենք»: Իսկ  տիկին Մարթայենց տանն այսօր կմորթեն Նոր տարվա խոզուկին. «Մեր  հնարավորությունների սահմանում, մեր պահած խոզի մսով ու  մեր քաշած գինով  նոր տարի ենք անելու», - ասաց նա: