Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՏԵ՞Ղ ԿՄՐՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Սպորտ

Վաղը Բրյուսելում կորոշվի «Եվրո -2008»-ի ընտրական փուլի 1-ին խմբի խաղացանկը: Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը ընդգրկված է այս խմբում եւ մրցելու է Պորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականների հետ:

Պետք է որոշվի նաեւ, թե որտեղ են կայանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումները: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմի մեջ են ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, հավաքականների տնօրեն Աշոտ Մանուկյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը, այսօր մեկնել են Բրյուսել, որտեղ կներկայացնեն նաեւ Հայաստանի կողմից մշակված տարբերակները: Եթե կողմերը համաձայնության չգան, ապա ՈւԵՖԱ-ն կներկայացնի իր խաղացանկը, որով էլ հավաքականները ստիպված կլինեն հանդես գալ:

Ադրբեջանցիները մինչ քննարկումը բազմիցս հայտարարել են, որ անհնարին է Ադրբեջան – Հայաստան հանդիպումը անցկացնել Բաքվում, իսկ պատասխան մրցավեճը Երեւանում: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները նույնիսկ նամակ են ուղարկել ՈւԵՖԱ-ին, որում վարկաբեկում են Հայաստանին: Այդ նամակում նշված է, թե իբր Հայաստանը բազմիցս բռնություններ է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ եւ զավթել երկրի 20 տոկոսը: ՈւԵՖԱ-ն իր պատասխան նամակում հայտնել է, որ հանդիպումները ըստ կանոնակարգի պետք է կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ կողմերը պարտավոր են ապահովել հավաքականների եւ մարզասերների անվտանգությունը: ՈւԵՖԱ-ի հետ համամիտ է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանին ընդունել Երեւանում եւ անվտանգության երաշխիքների դեպքում մեկնել Բաքու:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը ցանկանում է մրցել չեզոք դաշտում՝ առաջարկելով Թբիլիսիի տարբերակը: Եթե հանդիպումը իրոք կայանա Վրաստանում, ապա մարզադաշտի առնվազն 80 տոկոսը կկազմեն ադրբեջանցիները, որոնք մեծ թիվ են կազմում Թբիլիսիում եւ այնտեղ լուրջ բիզնես են ծավալել: Բացի այդ Թբիլիսում մարզասերների միջեւ բախումների հավանականությունը բավական մեծ է, քանի որ մարզադաշտում կլինեն նաեւ հայեր: Ուշագրավ է, որ Վրաստանը չի կարողանում նորմալ անցկացնել իր երկրի մասնակցությամբ հանդիպումներ: ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն բազմիցս տուգանել են Վրաստանին` մարզասերների անվայել պահվածքի համար:

Վաղը կայանալիք քննարկմանըորոշվելու է նաեւ, թե Հայաստանի հավաքականի ում է հետ է առաջին հանդիպումը անցկացնելու ընտրական փուլում: Ընտրական խաղերում միշտ էլ կրկնակի կարեւոր են առաջին հանդիպումները, որոնք հաջող անցկացնելը շատ անգամ բեկումնային է լինում հավաքականների համար: