Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՒՐԵՐ ՍԻՍԻԱՆԻՑ

Մարզեր

Տեղումները նորմայից ավել են

Հայպետհիդրոմետի Սյունիքի մարզի Սիսիանի օթերեւութաբանական կայանի տվյալներով` հունվար ամսին գրանցվել են նորմայից 4 մմ ավել տեղումներ, տեղացել է 24 մմ ձյուն: Հունվար ամսին արձանագրվել է 6.2 աստիճան միջին ջերմություն, ինչը գերազանցում է նորման մեկ աստիճանով:

Գրանցված առավելագույն ուժգնության քամին եղել է ժամում 14 մ/վ: Բարձրադիր գոտիներում` հատկապես ճանապահահատվածներում, ավելի ուժգին քամիներ են գրանցվել: Այս տարվա առաջին ամիսը աչքի ընկավ կայուն ձնածածկույթով, այդպիսի կայուն ձնածածկույթ, ըստ օդակայանի տվյալների, չի գրանցվել վերջին 5 տարիների ընթացքում:

Համայնքի բյուջեն հաստատված է

Սիսիանի համայնքի ավագանին հերթական նիստում քննարկել եւ հաստատել է քաղաքի 2005 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Բյուջեի եկամուտների կատարողականը 2005թ. կազմել է 94.2 տոկոս, իսկ բյուջեի ծախսային մասի կատարողականը` 91.5 տոկոս:

Ավագանին հաստատել է նաեւ 2006 թ. բյուջեն` եկամուտների գծով` 158.294.4 հազ. դրամ, ծախսերի գծով` 160490 հազ. դրամ:

Գազաֆիկացվում է թիվ 1 դպրոցը

Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում հունվարի 23-ից իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ: Նախկինում դպրոցը ջեռուցվում էր փայտով, ինչի արդյունքում դասասենյակներում չէին պահպանվում սանիտարահիգենիկ կանոնները: Տրամադրված 6 մլն. դրամի հաշվին կգազաֆիկացվեն դպրոցի բոլոր մասնաշենքերը: Աշխատանքների իրագործմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել` «Սյունիք» հիմնադրամը, մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Կրթօջախի գազաֆիկացման աշխատանքները կավարտվեն մինչեւ փետրվարի 10-ը: Արձակուրդներից հետո աշակերտները դասերը կանցկացնեն տաք ու ծխից զերծ դասասենյակներում:

Ըստ Սիսիանի «Սյունի» հ/ը