Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ

Մարզեր

Սեւան քաղաքում դադարեցվել է 4 մսուր-մանկապարտեզների աշխատանքը: Պատճառոը ոչ թե ջեռուցման հետ կապված խնդիրներն են, այլ ծնողների մտավախությունը, որ ցրտահարության պատճառով իրենց երեխաները կհիվանդանան: Դրա հետեւանքով փետրվարի 1-ին Սեւանի մանկապարտեզներ հաճախեցին ընդամենը 35 երեխա: Սեւանի քաղաքապետարանը որոշում է ընդունել, որ մանկապարտեզները կվերաբացվեն փետրվարի 15-ին:

Չնայած ցրտաշունչ ձմեռվան, Սեւանի միակ երաժշտական դպրոցը որոշել է չդադարեցնել իր աշխատանքը: Սեւանի երաժշտական դպրոցի 7 բաժիններում ներկայումս սովորում է 149 աշակերտ, որոնք այս տարվանից ստիպված են վճարել թանկացված վարձավճար: Ավագանին որոշել է 500 դրամով ավելացնել դպրոց հաճախող սաների վարձավճարները: Ավագանու այս որոշումը պայմանավորված է դպրոցի ֆինանսական խնդիրների առկայությամբ: Պարտադրված այս քայլը հնարավորություն կտա լուծել նաեւ ջեռուցման հետ կապված հարցերը:

Սեւանի «STV1» հ/ը

«ՎԻՎԱ-ՍԵԼԼ» ԲԱԺԱՆՈՐԴՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 11.30-ից մինչ 18.00 Մարտունու տարածաշրջանում անջատվել է «Վիվա-Սելլ» ընկերության բաժանորդների հեռախոսակապը։

Ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշեց բաժանորդներից մեկը. «Պարզվում է, որ «Վիվան» էլ է նոր «ԱրմենՏել» դառնում մեր գլխին: Կապն անջատում են՝ առանց զգուշացման...»:

Հեռախոսակապի զանգվածային անջատման պատճառը ոչ մի կերպ չհաջողվեց պարզել, քանզի «Վիվա-Սելլ» ընկերության պաշտոնական ներկայացուցչություն կամ դրան փոխարինող որեւէ գրասենյակ Մարտունիում չկա: Ապարդյուն է նաեւ այս ընկերության տեղեկատու ծառայության հետ կապվելը:

Իսկ բաժանորդներին մնում է սպասել, բայց թե մինչեւ ե՞րբ...

ք.Մարտունի, ԶԱՆԳԱԿ հ/ը