Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆԻ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ

Մարզեր

Լուրեր մարզերից

Կարճաղբյուրի ձկնաբուծարանն այսօր կարող է վերսկսել թրթուրների աճեցման գործընթացն իր նախկին հզորության 70-80%-ի չափով: Դա մեծապես կնպաստեր Սեւանա լճում էկոլոգիական հավասարակշռությունն ու կենդանական աշխարհը վերականգնելու համար: Սակայն դա անել առայժմ հնարավոր չէ, քանի որ սեփականաշնորհման արդյունքում Սեւանի ավազանի ձկնաբուծարանները տարեց-տարի զիջելով իրենց դիրքերն այսօր, գրեթե, իրենց նախկին հզորությունները հասցրել են զրոյական վիճակի: Դրան պատճառով Սեւանի տեղածին ձկնատեսակներն իրենց մայրական կազմով հանդերձ արդեն կանգնած են իսպառ ոչնչացման շեմին:

Իրավիճակը ստեղծվել է հակառակ նրան, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձում է ծրագիր իրականացնել Սեւանա լճում էկոլոգիական հավասարակշռությունն ու կենդանական աշխարհը վերականգնելու նպատակով: «Այն բոլոր ձկնաբուծարանները, որոնք ժամանակի ընթացքում սեփականաշնորհվել են եւ այսօրվա դրությամբ ինչ-որ ձեւով փորձում են պահպանել իրենց գոյությունը, 2006 թվականին պետպատվերից բացի նաեւ 5-6 անգամ կավելացնենք ֆինանսավորման չափը, ունենք այդ կանխատեսումները եւ համապատասխան հաշվարկները, որ բնապահպանական ֆոնդից եւ Սեւան Ազգային Պարկի միջոցներից մենք կտրամադրենք ամառային բախտակ եւ գեղարքունի տեսակի անհետացող ձկնատեսակների պոպուլացիան ապահովելու համար»,- ասում է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Գրեթե չաշխատող Կարճաղբյուրի ձկնաբուծարանի տնօրեն Հրանտ Միրզոյանն իր հերթին վստահեցնում է, որ ձկնաբուծարանն այսօր պատրաստ է վերսկսել, եթե ՀՀ կառավարությունն ի դեմս բնապահպանության նախարարության, որոշակի աջակցություն ցուցաբերի, թեկուզ աղքատության նվազեցման եւ բնական պաշարների կառավարման ռազմավարական ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ Կարճաղբյուրի ձկնաբուծարանը Գեղարքունիքի մարզի 4 ձկնաբուծարաններից մեկն է, որը ստեղծվել է Սեւանա լճում ձկնային պաշարներն ավելացնելու նպատակով: Ավելի քան 60 տարիների ընթացքում ձկնաբուծարանում աճեցվել եւ տարեկան լիճ է բաց թողնվել 10-15 մլն ամառային բախտակ, գեղարքունի, սիգ եւ կողակ տեսակի մանրաձկներ:

Մասնագետների վկայությամբ գործարանն անխափան եւ արդյունավետ աշխատել է մինչեւ 90-ական թվականները՝ համալրելով Սեւանի տեղածին ձկնատեսակների պաշարը: Սակայն սեփականաշնորհման տարիներից առ այսօր ձկնաբուծարանն, ի թիվս այլոց, անգործության է մատնված, չնայած, որ այս ձկնաբուծարանում պահպանվել են բոլոր բավարար պայմանները՝ ձկնկիթի վերարտադրության համար:

Գավառի «Քյավառ» հ/ը