Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ՆԱՀԱՆՋԵՑ 8-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Ջիբրալթարում ընթացող շախմատային միջազգային մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Մոհամեդ Ալ Սայեդի հետ: Այժմ Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով մի շարք շախմատիստների հետ բաժանում է 8-րդ հորիզոնականը:

10-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Սուրիա Ջանջուլին: Այս մրցավեճում Հակոբյանին միայն հաղթանակ է անհրաժեշտ՝ մրցանակային տեղ գրավելու հնարավորություն պահպանելու համար:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ` 5 ՄԱՐԶԻԿՈՎ

9 օրից իտալական Թուրինում կմեկնարկի 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերը: Եկող շաբաթվանից օլիմպիական խաղերի մասնակիցները կժամանեն մրցավայր: Հայաստանից այս օլիմպիադային կմասնակցի 5 մարզիկ:

Առաջինը փետրվարի 12-ին պայքարի մեջ կմտնի դահուկավազքում հանդես եկող Հովհաննես Սարգսյանը: Մեր մյուս դահուկորդը՝ Էդմոն Խաչատրյանը հանդես կգա փետրվարի 17-ին: Նույն օրը գեղասահքում առաջին ելույթը կունենա Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Անաստասիա Գրեբյոնկինան եւ Վազգեն Ազրոյանը: Վերջիններս իրենց ելույթները կշարունակեն 19-ին եւ 20-ին: Լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը պայքարի մեջ կմտի փետրվարի 20-ին:

Մեր մարզիկներից որոշակի արդյունք կարելի է ակնկալել Գրեբյոնկինա - Ազրոյան զույգից, որը կանոնավոր կերպով մասնակցում է աշխարհի եւ եվրոպայի առաջնություններին` մշտապես ընդգրկվելով առաջին 20 զույգերի թվում:

Ի դեպ Թուրինում արդեն առաջին լուրջ պատահարն է գրանցվել. մասնակիորեն փլվել է շենքը, որտեղ գտնվում է խաղերի հեռուստատեսային կենտրոնը: Բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել եւ կազմակերպիչները սկսել են վերանորոգման աշխատանքները:

«ԲԱՆԱՆՑ»-ը ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԻՊՐՈՍՈՒՄ

Երեւանի «Բանանց»-ը նախապատրաստվելով 2006թ. Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը, այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:

Նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսիլյովի գլխավորությամբ հայկական ակումբը մի քանի ընկերական հանդիպումներ կանցկացնի: Առաջինը «Բանանց»-ը կհանդիպի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»-ի հետ, այնուհետեւ ուժերը կչափի Կուրսկի «Ավանգարդ»-ի հետ, ապա՝ շվեյցարական «Յանգ Բոյզ»-ի: