Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՑՈՒՐՏՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարզեր

Լուրեր մարզերից

Մեկ շաբաթ է ինչ Արմավիր քաղաքի բնակիչների մեծամասնությունը զրկված է ջրամատակարարումից: Պատճառը ցրտահարությունն է, որի պատճառով սառել են ջրատար խողովակները, իսկ շատ տեղերում էլ վթար է տեղի ունեցել: Վթարված խողովակներից ջուրը լցվել է շքամուտքեր եւ այնտեղ էլ վերածվել սառույցի:

4-5 օրերի ընթացքում բնակիչների բողոքները ջրամատակարար կազմակերպությունը թողնում է անպատասխան: Իրենց անտարբերությունը բնակիչների խնդիրների հանդեպ այնտեղ բացատրում են նրանով, որ ցրտերի հետեւանքով ջրաչափական հանգույցների, բազմաբնակարան շենքերի խողովակների հնարավոր սառեցումների համար պատասխանատվությունը մատակարարն իր վրա չի վերցնում եւ այդ մասին միշտ տեղեկացրել է բնակիչներին:

Հնարամիտ ջրամատակարարները վթարները վերացնելու փոխարեն բնակիչներին խորհուրդներ են տալիս, թե ինչպես խուսափել խողովակների սառեցումներից: Ընկերությունն առաջարկում է հատկապես գիշերային ժամերին ծորակներում ապահովել ջրի հոսք, այսինքն` մի քիչ բաց թողնել այդ ծորակները: Բայց միեւնույն ժամանակ ջրամատակարար կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում նաեւ ամբողջ գիշեր ծորակներում ծորացող ջրի համար: Իսկ դա նշանակում է, որ վճարումը սպառողը պետք է կատարի այնքան, որքան ջուր է օգտագործել:

Ջրից զրկված Արմավիրի թաղամասերի բնակիչներին մեկ շաբաթ է, ինչ «փրկում» է քաղաքային այգին, որտեղ դեռեւս անխափան աշխատում է ցայտաղբյուրը:

Արմավիրի «Ալտ» հ/ը