Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈԹ ՏԱՐԵԿԱՆ Է` ԵՐԿՈՒ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՐԴԵՆ ԴԻՄԱՑԵԼ Է...

Հասարակություն

ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց երկրի անկախ պետականության հռչակումից 5 տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին: Հանրաքվեն կայացավ Ազգային Ժողովի ընտրություններին զուգահեռ: Ընտրությունների ժամանակ իշխանությունները պաշտպանում էին հանրաքվեի դրված նախագիծը, իսկ ընդդիմությունը գտնում էր, որ նախագիծը անընդունելի է եւ կոչ էր անում դեմ քվեարկել երկրի հիմնական օրենքին: Մինչեւ այսօր էլ Սահմանադրության ընդունումը կապվում է Ազգային Ժողովի անօրինական մեթոդներով անցկացրած ընտրությունների հետ: Ընտրությություններ, որոնք որակվեցին անազատ եւ անարդար: Մինչեւ այսօր էլ նշվում է, որ 7 տարի առաջ այս օրը երկրի հիմնական օրենքն ընդունելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի կողմից կեղծվել է 300 հազար ձայն: Իշխանությունները նաեւ ստիպված էին երկու ժամով երկարաձգել հանրաքվեին քաղաքացիների մասնակցության ժամկետը Սահմանադրությանը բավարար թվով կողմ ձայներ ապահովելու համար:

Սահմանադրության ընդունման հաջորդ օրվանից արդեն խոսում էին այն բարեփոխելու անհրաժեշտության մասին: 1998-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ եւ խոստացավ բարեփոխել Սահմանադրությունը: Ստեղծվեց սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողով նախ Պարույր Հայրիկյանի, ապա Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովն արդեն պատրաստել է բարեփոխումների փաթեթը, որն այնուհետեւ շրջանառության մեջ է դրվում ըստ քաղաքական նպատակահարմարության: Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններն էլ ստիպում են որքան հնարավոր է շուտ բարեփոխել Սահմանադրությունը: Սպասվում էր, որ 2001 թվականի գարնանը բարեփոխումների փաթեթը կքննարկվեր Ազգային Ժողովի նստաշրջանում, իսկ աշնանը պետք է կայանար հանրաքվեն: Չքննարկվեց եւ չկայացավ:

Ինչ վերաբերվում է փոփոխությունների փաթեթին, ապա 2-րդ նախագահի ընտրության չորրորդ տարում էլ նախատեսվում է նվազեցնել ՀՀ նախագահի լիազորությունները, բարձրացնել խորհրդարանի դերը, ամրապնդել կառավարության դիրքերը եւ փոխել տեղական ինքնակառավարման վերաբերյալ դրույթները: Ի դեպ Սահմանադրությունը բարեփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու ամենամոլի կողմնակիցներն անգամ համաձայն են, որ գործող Սահմանադրությունը դիմացավ 2 փորձության՝ Սահմանադրական ճգնաժամ չի գրանցվել ոչ 98-ի իշխանափոխության, ոչ էլ 99-ի հոկտեմբերի 27-ի ժամանակ: