Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ

Մարզեր

Լուրեր մարզերից

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի կերպարվեստի խմբակը ստեղծվել է 1999 թ.-ին։ Ստեղծման օրից մասնակցել է միջազգային եւ հանրապետական մի շարք մրցույթների՝ այդ ընթացքում հասնելով նաեւ զգալի հաջողության։

Վերջինս տեղի է ունեցել, երբ խմբակի սաները մասնակցեցին Լեհաստանի Չենստոխով քաղաքում կայացած «Երեխան եւ շունը» միջազգային ամենամյա 7-րդ մրցույթ-ցուցահանդեսին։ Դրան մասնակցում էին 57 երկիր՝ 22 522 աշխատանքով։ Հայաստանից մասնակցել է 294 երեխա, որոնցից 4-ն արժանացան մրցանակի։

Այդ երեխաներից 3-ը Ներքին Գետաշենի թիվ 2 դպրոցի կերպարվեստի խմբակի սաներն են՝ 15 ամյա Մարիամ Գալստյանը, 8 տարեկան Պերճ Գեւորգյանը եւ 13 ամյա Արմինե Ներսիսյանը: Ժյուրիի կողմից 19 մասնակցի համար սահմանված էր Հատուկ գլխավոր մրցանակ. Հայաստանից Մարիամ Գալստյանն արժանացավ այդ մրցանակին՝ ստանալով հատուկ դիպլոմ եւ մեդալ:

Ներկայացնելով խմբակի սաների ձեռքբերումները, խմբակի ղեկավար Նեկտար Սահակյանը նշում է, որ նման հաջողության իրենց սաները հասել են՝ չունենալով ոչ մշակույթի նախարարության կամ պետական այլ գերատեսչության, ոչ էլ գյուղապետարանի աջակցությունը: Միակ աջակցությունն, ըստ նրա, միակ աջակիցը եղել է Հենրիկ Իգիթյանը՝ Երեւանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում 2004 թվականին կազմակերպելով խմբակի սաների ցուցահանդեսը: ««Երեխան եւ շունը» ցուցահանդեսին մասնակցելուց առաջ դիմեցինք գյուղապետարանին, բայց իզուր... Գյուղապետարանը ոչ բարոյապես, ոչ նյութապես աջակից չի եղել խմբակին։ Հույս ունենանք, որ այդ անտարբերությունն ապագայում կվերանա»,- նշեց Նեկտար Սահակյանը։

«Զանգակ» հ\ը