Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵՐԿՐԻ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը շնորհավորեց կառավարության բոլոր անդամներին‘ 2002 թ. առաջին կիսամյակում պլանավորված բյուջետային ցուցանիշներն ամբողջությամբ կատարելու համար:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպումը նախարարը նույնպես լավատեսական տրամադրությամբ սկսեց: Ըստ նախարարի «2001 թվականի առաջին կիսամայկի հետ համեմատ այս տարի կառավարության գործունեության մեջ գզալի աճ է գրանցվել: Կատարվել է ոչ միայն բյուջեի 45 տոկոսը, այլեւ մարվել են աշխատավարձի պարտքեր»:

Այս կիսամյակում կառավարության այդ աստիճան արդյունավետ աշխատանքը նախարարը բացատրեց բացառապես քաղաքական կամքի առկայությամբ: Այս տարի կառավարությունը խուսափել է նաեւ լրացուցիչ ծախսերից:

Սակայն բյուջե թերմուտքագրում է եղել բենզինի ներկրումից: Նախարարը դա բացատրեց սեզոնությամբ, հավաստիացնելով, որ աշնանն ու ձմռանը բենզինն ավելի լավ է սպառվում: Նաեւ շատ մեքենաներ սպառում են ավելի մատչելի վառելանյութ՝ գազ, որից պետ. բյուջե քիչ գումար է մուտքագրվում:

Ինչ վերաբերում է նիստում ընդունված որոշումներին, ապա այսօր որոշվել է հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհվածների ընտանիքներին բնակարանային շինարարության եւ բնակարանային պայմանների բարելավման համար հատկացնել 200 միլիոն դրամ:

Վարդան Խաչատրյանը չբացառեց, որ 2003 թվականի սկզբին կբարձրանան կենսաթոշակներն ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը: