Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ-ԱՆ-ԶԵԵՈՒՄ 8-ՐԴՆ Է

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում են ճանաչված 14 գրոսմայստերներ: Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց ետնապահ Իվան Սոկոլովին եւ իր միավորների քանակը հասցրեց 6.5-ի:

Այս ցուցանիշով Արոնյանը Տիվյակովի եւ Լեկոյի հետ միասին բաժանեց 7-րդ հորիզոնականը, իսկ լրցացուցիչ ցուցանիշներով գրավեց 8-րդ տեղը:

9 միավոր վաստակեցին Վեսելին Թոփալովը եւ Վիշվանաթան Անանդը: Լրացուցիչ հաշվարկներով հաղթող դարձավ Թոփալովը, որն աշխարհի գործող չեմպիոնն է: 3-րդ տեղը գրավեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ջիբլարթարում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ Վլադիմիր Հակոբյանը: Հայ գրոսմայստերը 6-րդ տուրում պարտության մատնեց Պիա Կրամլինգին՝ միավորների քանակը հասցնելով 4.5-ի:

Այժմ Հակոբյանը եւս մի քանի շախմատիստների հետ ընթանում է 4-րդ տեղում եւ առաջատարներին զիջում է ընդամենը կես միավորով: 7-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կմրցի Պետեր Ուելսի հետ, որն իր ակտիվում 5 միավոր ունի:

ՖՈՒՏԲՈԼ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ՞

Ֆուտբոլի 2008թ. Եվրոպայի առաջնության վիճակահանությունից հետո ընտրական փուլի մասնակիցներն արդեն քննարկում են թե ինչ խաղացանկով են մրցելու:

Առաջին խմբում ընդգրկված երկրների, այդ թվում` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները փետրվարի 10-ին կժամանեն Բրյուսել, որտեղ կորոշվի այս խմբի խաղացանկը: Այն կլինի ամենահագեցածը, քանի որ միայն առաջին խմբում ընդգրկված է 8 հավաքական:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումները: Քիչ հավանական է, որ հարեւան երկրները մրցեն չեզոք դաշտում, քանի որ ՈւԵՖԱ-ն հազվադեպ է թույլ տալիս հանդիպումը տեղափոխել այլ մրցավայր:

Չեզոք դաշտում իր հանդիպումները որոշ ժամանակ անցկացնում էր Իսրայելի հավաքականը, որը սեփական հարկի տակ չէր կարող երաշխավորել հավաքականների անվտանգությունը: Իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում, ըստ մասնագետների, չնայած առկա տարաձայնություններին, իրավիճակը կայուն է: Հավանական է, որ հանդիպումներն անցկացվեն Երեւանում եւ Բաքվում առանց հանդիսականների: