Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԵԼ

Սպորտ

«Ըստ ՈւԵՖԱ-ի պահանջների` հավաքականները պարտավոր են մեկ հանդիպում անցկացնել սեփական հարկի տակ, մյուսը` մրցակցի: Ես քննարկման ժամանակ արդեն հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Երեւանում ընդունել Ադրբեջանի հավաքականին: Նրանք ասացին, որ կխորհրդակցեն նախագահի հետ եւ կպատասխանեն», - «Ա1+»-ին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը գտնվում էր շվեյցարական Մոնտրե քաղաքում, որտեղ այսօր կայացավ «Եվրո--2008»-ի ընտրական փուլի վիճակահանությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր հանդիպումները ամենայն հավանականությամբ կայանալու են Թբիլիսիում: ՀՖՖ նախագահը հերքեց այս տեղեկությունը` նշելով, որ քննարկման ժամանակ ադրբեջանական կողմը նման տարբերակ չի առաջարկել:

Մեկնաբանելով վիճակահանության արդյունքները` Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Վիճակահանությունը մեզ համար խիստ անհաջող ստացվեց բոլոր առումներով»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականները: