Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ` ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՖԱՎՈՐԻՏ

«Եվրո-2008»-ի վիճակահանությունից հետո իրենց մեկնաբանություններն են տվել ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը նշել է, որ Հայաստանը բավական ուժեղ խմբում է հայտնվել եւ հատկապես կարեւոր կլինի Ադրբեջանի հետ հանդիպումները. «Պորտուգալիան, Լեհաստանը, Սերբիան, Բելգիան եւ Ֆինլանդիան բավական ուժեղ հավաքականներ են: Մեզ ծանր պայքար է սպասվում»:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հրաժարվել է կանխագուշակություններ անել ասելով հետեւյալը. «Դեռ չեմ կարող ասել, թե որքանով են ուժեղ մեր մրցակիցները, քանի որ նրանցից շատերին ծանոթ չեմ»:

Մյուս հավաքականների մարզիչները նույնպես նշել են, որ խումբը բավական ուժեղ է, որի անժխտելի ֆավորիտը Պորտուգալիան է:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ

Այսօր Շվեյցարիայում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Ի տարբերություն Հայաստանի ազգային հավաքականի, մեր երիտասարդական ընտրանու համար վիճակահանությունը բավական հաջող էր: Նախնական փուլում հայ երիտասարդ ֆուտբոլիստները կհանդիպեն Սան Մարինոյի իրենց հասակակիցների հետ: Մինչեւ հունիս այս թիմերը մեկական հանդիպում կանցկացնեն. մեկը սեփական հարկի տակ, մյուսը՝ հյուրընկալվելիս: Այս զույգի հաղթողը դուրս կգա հաջորդ փուլ, որտեղ խմբային մրցաշարում կհանդիպի Նորվեգիայի եւ Բոսնիայի երիտասարդական հավաքականների հետ:

Այս խմբի հաղթողը վիճակահանությունից հետո կհանդիպի մեկ այլ խմբի հաղթողի հետ՝ եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու համար:

ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Ջիբլարթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում սեւերով պարտության մատնեց Անտոան Ստեֆանովային:

Մրցաշարն ընթանում է բավական լարված պայքարում եւ միանգամից 13 շախմատիստներ, այդ թվում նաեւ Վլադիմիր Հակոբյանը, 2.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը կլինի հունգարացի գրոսմայստեր Զոլտան Գիմենշին: