Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄՈՐԹ ՋԱՆՖԻԴԱՅՈՒՄ

Մարզեր

Լուրեր մարզերից

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում արդեն 4 օր է սկսվել է հավերի մասայական մորթ: Ջանֆիդացիների կարծիքով թռչնագրիպից խուսափելու միակ ճիտ տարբերակն ընտանի թռչուններին ժամանակին մորթելն ու ուտելն է:

Դեռ մեկ շաբաթ առաջ Ջանֆիդա համայնքում կար մոտ 10.000 թեւ թռչուն, սակայն նրանց թիվը գնալով նվազում է այն պարզ պատճառով, որը գյուղացիները ճիշտ են համարում խուսափել ռիսկից եւ կենդանիներին ժամանակին օգտագործել որպես սննդամթերք:

Բնակիչների մոտ խուճապն արդարանում է նրանով, որ գյուղը տեղակայված է անմիջապես սահմանի վրա եւ ականատես են թե ինչպես են վայրի թռչուններն անարգել հատում սահմանը: Գյուղում այսօր համաճարակ չկա, սակայն գյուղացիներն առաջնորդվում են «լավ է ուշ, քան երբեք» սկզբմունքով: Հավի մորթն այստեղ վարպետորեն կատարում են անգամ երեխաները: Օրինակ` փոքրիկ Սերգեյն անձամբ էր իրենց 16 հավը մորթել ու վստահ էր, որ դրանից հետո թռչնագրիպն այլեւս վտանգավոր չէ:

Իհարկե գյուղում դեռ մեկ շաբաթ առաջ սկսվել էր կանխարգելիչ միջոցառումներ, որի շրջանակներում թեւավոր կենդանիները ենթարկվում էին պատվաստման, սակայն գյուղացիները` տեղի անասնաբույժից տեղեկանալով, որ պատվաստումից հետո երկու շաբաթ չեն կարող օգտագործել թռչնի միսը, հրաժարվել էին թռչունների պատվաստումից եւ ընտրել իրենց տարբերակը` հապճեպ մորթելը: Գյուղի անասնաբույժ Սպարտակ Հայրապետյանը չի կարողանում հստակ ասել, թե որն է ճիշտը. մորթել եւ ուտե՞լը, թե՞ պահելն ու սպասելը: Սակայն իր անձնական տեսանկյունից մորթելն ավելի հարմար է, քանի որ գյուղը Թուրքիայի սահմանին շատ մոտ է:

Թռչնագրիպի դեմ Ջանֆիդայում կիրառվող կանխարգելիչ միջոցառումներից «օգտվում» են վայրի թեւավորները: Եթե նախորդ տարիներին Ջանֆիդայի լճերում լողացող յուրաքանչյուր թռչունին «հետապնդում» էր մեկ որսորդ, ապա այս տարի պատկերը փոխվել է. վայրի թռչուններն այտեղ ոչ մեկին չեն հետաքրքրում:

Արմավիրի «Ալտ» հ/ը

ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԴԵՄ

Թեեւ Գեղարքունիքի մարզում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել, սակայն ստեղծվել է թռչնագրիպի դեմ պայքարի մարզային շտաբ։ Այս մասին տեղեկացանք մարզի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Սաշա Գինոյանից։ Վերջինս հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզում, ինչպես եւ ողջ հանրապետությունում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել, իսկ Մարտունու տարածաշրջանում նկատված թռչունների անկման դեպքերը «նյուքասլ» հիվանդության, նույնն է՝ թռչնի կեղծ ժանտախտի հետեւանքն են, ինչի դեմ թռչունների պատվաստումներն անասնաբույժներն արդեն սկսել են։

Իսկ իբրեւ թռչնագրիպի դեմ կանխարգելիչ միջոցառում, հանրապետությունում կատարվում են մարդու գրիպի եւ վերին շնչուղիների կատարի դեմ պատվաստումներ։ Այստեղ առաջնահերթությունը տրվել է երեխաներին. ըստ Սաշա Գինոյանի, մարզում գրիպի դեմ 2760 պատվաստում է կատարվել, որից 109-ը` Գավառի մանկատան, իսկ 78-ը՝ Գավառի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաներն են ստացել, բացի այդ՝ 2563 յոթամյա երեխաներ են պատվաստվել մարզում, որից 1180-ը՝ Մարտունու տարածաշրջանից։ Պատվաստվելու են նաեւ Վարդենիսի տուն-ինտերնատի ծերերը։ Ըստ մարզի գլխավոր սանիտարական բժշկի, այս շրջանակը նախատեսվում է ընդլայնել։

Մարտունիի «Զանգակ» հ/ը