Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԸ ՉԻ ԱԶԴԻ «ՊՐՈՄԵՏԵՅ-ՔԻՄՊՐՈՄ»-ի ՎՐԱ

Մարզեր

Լուրեր մարզերից

«Պրոմեթեյ-Քիմպրոմ» ՓԲԸ վերանվանված Վանաձորի քիմգործարանը կրկին արտադրանք է թողարկում: 1998 թվականից հարկադիր պարապուրդի մատնված կարբիդի արտադրամասում օրական արտադրվում է 30-35 տոննա, իսկ ամսական` 1000 տոննա կարբիդ, որ մեծամասամբ առաքվում է Ուկրաինա:

Կարբիդի արտադրամասի պետը վստահեցնում է, որ իրենց արտադրանքը թե որակական, թե գնային առումներով ավելի շահեկան է` պարսկական ու թուրքական կարբիդի համեմատությամբ: Չնայած այժմ բավականաչափ արտադրանք է կուտակվել պահեստներում, ընկերության գլխավոր ինժեներ Ռուբեն Շահինյանը դա բացատրում է տոնական օրերով:

Արտադրանք է թողարկում նաեւ արհեստական սուտակների` կորունդի արտադրամասը` օրական տալով 20-25 կգ կորունդ, որի հիմնական սպառման շուկան Հնդկաչինի երկրներն են` Հոնգկոնգը, Թաիլանդը եւ այլն:

Արդյո՞ք ռուսական գազի թանկացումները կամ որեւէ այլ հանգամանք կարող են պատճառ հանդիսանալ արտադրության դադարեցման, մանավանդ որ լուրեր են պտտվում, թե առաջիկայում սպառման շուկաներ չունենալու պատճառով գործարանը դադարեցնելու է իր արտադրությունը հարցին ի պատասխան Ռուբեն Շահինյանը միանշանակ պնդում է. «Այն, որ շատերը չեն ուզում, որ մենք աշխատենք, այդպես է: Ես նման բան չեմ լսել, դրանք լրիվ անհիմն լուրեր են, մեր պլաններում այդպիսի բան չկա, ընդհակառակը` մենք աշխատում ենք նորանոր շուկաների եւ աշխատատեղերի բացման ուղղությամբ»:

Վանաձորի «Լոռի» հ/ը