Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԵՐԻՑ

Մարզեր

ՁՆԱԲՈՒՔԸ ՍԵՎԱՆԻ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Սեւանում հյուսիս-արեւմտյան քամիների հետեւանքով ձնաբուք է. Սեւանում հունվարի 19-ի գիշերը սկսված ձնաբուքը այսօր առավոտյան ավելի խստացավ: Սեւանի հիդրոօդերեւութաբանական կայանի պետ Մ. Ղարիբյանի խոսքերով` ժ.15:00-ի դրությամբ Սեւանում ջերմաստիճանը -9 է եւ գիշերը կհասնի -15-ի: Քամու արագությունը 18մ/վ է: Մթնոլորտային ցածր ճնշման հետեւանքով (800մմ ս/ս) ձնաբուքը դեռ կշարունակվի տեղումներով:

Ձնաբքի ու սառնամանիքի հետեւանքով ներհամայնքային ճանապարհները սառցակալել են: Սեւանի ՊԱՏ-ից հայտնեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել, Սեւան-Երեւան ավտոմայրուղին անցանելի է:

Սեւանի Էլեկտրացանցից տեղեկացրին, որ ձնաբուքը առավոտվանից վնասել է Սեւանի հարակից գյուղական համայնքների էլեկտրասնուցումը: Այժմ տարվում են վերականգնողական աշխատանքներ: Այս մասին հաղորդում են Սեւանի «STV1» հեռուստաընկերության մեր գործընկերները:

ԳԱԶԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ ԹԵՐԻ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Երկնագույն վառելիքն ազատել է շատերին մի շարք հոգսերից՝ փայտ հայթայթելու, էլեկտրաէներգիայի մեծ ծախսերից։ Մեկ այլ կողմից էլ սակայն, ինչպես նշում են բնակիչները, «գազի ձեռքը կրակն են ընկել»։ Կապանի երկաթուղայինների բնակիչ Միքայել Բաղդասարյանն, օրինակ, նշում է, որ գազի աշխատողները տարվա մեջ երկու անգամ սպասարկման վարձ են գանձել իրենից։ Մինչդեռ գազօջախի անսարքությունը վերացնելու համար ստիպված է եղել կրկին վճարել։

Ամեն ինչ կատարվել է պայմանագրի կետերի համաձայն։ Իսկ թոշակառու բաժանորդներին այդ ամենը ձեռնտու չէ։ Հաջորդ անգամ նա մատադիր է անսարքությունը վերացնել սեփական ձեռքերով։ Նրա, ինչպես եւ շատ բնակիչների խոսքերով` տարին երկու անգամ բնակարաններ այցելելով` գազի աշխատողները ո'չ սպասարկման հարց կարող են լուծել, ո'չ էլ անվտանգության կանոնները պահպանել։

Հաղորդում է Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը: