Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԱՎԻՐԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀԵՌԱԽՈՍ ԿԱ

Մարզեր

Արմավիրի Հյուսիս-արեւելյան թաղամասում ապրում է մոտ 40 փախստական ընտանիք: Կացարանները, որոնք սեփականության իրավունքով հատկացվել են այս ընտանիքներին, կառուցվել է գերմանական բարեգործական կազմակերպության կողմից: Բնակարանի հարցը միակ խնդիրն է, որը մինչ օրս լուծում է ստացել: Այստեղ հիմնախնդիր է մնում հեռախոսակապի բացակայությունն ու մի շարք այլ հարցեր:

9 տարի ապրելով այս թաղամասում բնակիչներից միայն տիկին Ամալյան է, որ ունի հեռախոս ու պատրաստակամ թույլ է տալիս բնակիչներին օրվա ցանկացած պահին օգտվել այդ հաճույքից: Ըստ նրա` թաղամասի բնակիչներն այնքան էլ անհանգստություն չեն պատճառում իրեն, զանգահարում են միայն անհրաժեշտության դեպքում, ասենք եթե շտապ օգնություն է պետք կամ որեւէ մեկին կարեւոր լուր ունեն հաղորդելու: Հարեւաններն էլ գոհ են տիկին Ամալիայի վերաբերմունքից ու աշխատում են չչարաշահել նրա համբերությունը:

Երկար սպասելուց հետո նրանք հույսը դեռ չեն կորցրել ու հավատում են, որ շուտով թաղամասում հեռախոսակապ կլինի, այդ խոստումը վերջերս նրանք ստացել էին Արմավիրի ավագանու անդամ Սեւակ Մինասյանից: Բնակիչների համոզմամբ` հեռախոսակապի հարցը կարելի է համարել լուծված, սակայն կան խնդիրներ, որոնք նույնպես ուշադրության են արժանի: Թաղամասը գազաֆիկացված չէ, ոռոգման սեզոնին էլ ջուրն է բացակայում: Համապատասխան մարմիններին դիմելուց էլ ստույգ որեւէ պատասխան չեն ստանում, կամ էլ խոստանում են, բայց ժամկետ չեն նշում, դժգոհում են բնակիչները:

Տեղեկացնում է Արմավիրի ԱԼՏ հետուստաընկերությունը: