Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԵՐԻՑ

Մարզեր

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՕԴԸ ՄԱՍՆԱԿԻ ԿՄԱՔՐՎԻ 1,5 ՏԱՐԻ ԱՆՑ

Ալավերդու պղնձի գործարանում փորձարկվում է ծծմբային գազերը կրաքարի միջոցով կլանելու տեխնոլոգիան։ Այն թույլ կտա ծծմբային գազերը կլանել 15-30 տոկոսով։ Եթե հիմա մթնոլորտ է արտանետվում 3-3,5 տոկոսանոց ծծմբային գազ, տեխնոլոգիայի հաջողության դեպքում այն կհասցվի մինչեւ 1-1,5 տոկոսի։

Առաջին անգամ տեխնոլոգիան կիրառվում է ծծմբի բարձր տոկոսայնության գազերի կլանման համար։ 3-3,5 տոկոսանոց ծծմբային գազերը, որպես կանոն, կիրառվում են միայն ծծմբաթթվի արտադրությունում։ Ալավերդու գործարանում այսօրվա արտադրողականության պայմաններում ծծմբաթթվի արտադրամաս գործարկելուց կստացվի տարեկան 80 հազար տոննա ծծմբական թթու։ Հայաստանում դրա պահանջարկը չի գերազանցում տարեկան 8 հազար տոննան։ Ընկերությունը համոզված չէ, որ Հայաստանի շրջափակման եւ խորհրդային տարիների շուկայի հնարավորությունների բացակայության պայմաններում կարող են իրացնել ծծմբաթթվի ամբողջ քանակությունը։

Կրաքարով գազերի կլանման արդյունքում գործարանը կստանա գիպս, որն օգտագործվում է գաջի եւ ցեմենտի արտադրությունում։

ACP ընկերության մետալուրգիական վարչության պետ Ռուբեն Պապոյանի հավաստմամբ, գազերի կլանման այս սարքի փորձարկման արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ։ Հաջողության դեպքում 1,5 տարի հետո պատրաստ կլինեն գործարկել սարքը, վերականգնվող 2 էլեկտրական զտիչներն ու գազերի լվացման արտադրամասը։ Հաղորդում է Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը:

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ

Ալավերդիում թունավորման դեպք է արձանագրվել. թունավորվել են ընտանիքի 3 անդամներ։ Տուժածները կարծում են, որ դա բնական գազի արտահոսքի հետեւանք է, չնայած գազի գրասենյակում այդպիսի դեպք չի գրանցվել։ Բժիշկները հավանական են համարում սննդային թունավորման վարկածը։

Ըստ «Անկյուն գումարած 3» ՀԸ-ի` Ալավերդու հիվանդանոցի շտապ բուժօգնության ծառայությունը տոներից հետո աշխատել է հանգիստ։ Ծանր հիվանդության ու մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Հիմնականում եղել են սրտանոթային, բրոնխիալ ասթմայի եւ սուր շնչառական հիվանդության դեպքեր։

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ

Ալավերդու թիվ 2 բնակշահագործման տեղամասն օրական միջինը 10 զանգ է ստանում, որոնք հիմնականում ջրագծերի ու կոյուղու վթարներին են վերաբերում։ Ներշենքային վթարների թիվը մեծանում է հատկապես անբնակ տների պատճառով, որտեղ խողովակները սառչում են եւ վնասում շքամուտքի մնացած բնակիչներին։ Պատկերն առավել պարզ ներկայացնելու համար նշենք, որ Ալավերդում բնակարանների շուրջ 50 տոկոսն անբնակ են։

Ի դեպ, «Անկյուն գումարած 3»հեռուստաընկերության հաղորդմամբ, ալավերդցիներն ամանորի առաջին օրերն անց են կացրել ջրազրկված բնակարաններում։ Մայր ջրագծի փականի փչանալու պատճառով բնակարաններում 4 օր ջուր չեկավ։ Թեպետ առանձին շենքեր մինչ օրս էլ ջուր չունեն։ Ցրտերի պատճառով սառել են այդ շենքերը սնուցող խողովակները։ Բացի այդ, ջրի խողովակները հաճախակի են վթարվում եւ որոշակի շենքեր ջրազրկվում, քանի որ 40 տարի ծառայած խողովակներն արդեն ֆիզիկապես մաշվել են։