Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Մարզեր

Այսօր առավոտյան ժամը 6.55-ին հրդեհ էր բռնկվել Գյումրու Խրիմյան Հայրիկի խճուղու 158 տնակային թաղամասի 393 տնակում: Դեպքի վայր էր մեկնել հրշեջների 2 ավտոմեքենա:

Պարզվել է, որ այրվել է գյումրեցի Մանվել Դավթյանի տնակը: Նա հաշմանդամ է ու բնակվում է մենակ: Տուժողն ասում է, թե օգնության է կանչել հարեւաններին, բայց՝ անօգուտ: Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ Վարուժան Սիմոնյանի խոսքերով, նախնական տվյալների համաձայն տուժողը ջեռուցման նպատակով օգտագործել է բաց տաշտակ: Լուսավորության նպատակով օգտագործվել է մոմ:

Տուժողն ինքն էլ չէր բացառում, որ հրդեհի բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ կիսայրվող ծխախոտը: Հարեւանների հավաստմամբ, ինչպես տուժողը, այնպես էլ նրա հայրը տառապել են հոգեկան հիվանդությամբ:

Տուժողին տեղափոխել էին հիվանդանոց, բայց Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոցի օրթոպետիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանի խոսքերով, տուժողը հրդեհի հետ կապված այրվածքային վնասվածքներ չունի:Այնուամենայնիվ հիվանդանոցում նա ամբուլատոր օգնություն է ստացել: Առայժմ անորոշ է նրա հետագա ճակատագիրը, քանզի, ըստ Խաչատուր Կարապետյանի, պետական ծրագրով տուժողը հոսպիտալացման ենթակա չէ, իսկ վճարովի ծառայությունից օգտվել չի կարող՝ անվճարունակության պատճառով:

Տնակն հիմնահատակ այրվել էր: Տնակի հետ միասին՝ շարժվելու հնարավորություն տվող հաշմասայլակը: Հրշեջների կողմից կատարվում է հետաքննություն:

Իսկ այս ընթացքում հրդեհից տուժած Մանվել Դավթյանը նոր բնակատեղի է ընտրում: Ըստ Ցայգ հը` նա մտադիր է գիշերել Գյումրու երկաթգծի կայարանի սպասասրահում: