Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ԿԼԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Հասարակություն

«Ես նախագահի թեկնածու չեմ: Ես պատրաստ եմ ընտրել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա վերացնի կլանային համակարգը եւ չստեղծի նոր կլաններ»,- իր ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: Նրա խոսքերով, հանրապետությունում 5 խոշոր կլան կա: «Այդ կլանների 70 ներկայացուցիչներին անհրաժեշտ է ինքնաթիռ նստեցնել եւ սպառնալով ցմահ կալանավորում, արգելել նրանց վերադարնալ Հայաստան: Միայն այդ դեպքում հանրապետության շուրջ 600 հազար սոցիալապես անապահով բնակիչներ կկարողանան մի քիչ լավ ապրել»,- գտնում է Մանուկ Գասպարյանը:

Պատգամավորը , սակայն համոզված է, որ Քոչարյանը նման քայլեր չի ձեռնարկի: Ուստի Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ մինչեւ աշուն չի ձգի. նա կամ կհիվանդանա, կամ էլ սխալ քայլեր կանի, որոնք ներքաղաքական քաշքշուկներ կառաջացնեն,- գտնում է Մանուկ Գասպարյանը ու շարունակում. նախագահի մոտ խուճապային տրամադրություններ են գերիշխում:

Պատգամավորի համար ընդունելի չէ երկրի նախագահի խոսելու մակարդակը, մասնավորապես երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ժողովրդի ընտրյալների մասին: Պատգամավորը միաժամանակ զարմանում է, թե ինչ հրամանագրի միջոցով Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նոր նստաշրջանի ժամանակ կարգելի ընդդիմադիրներին ամբիոն բարձրանալ:

Ասուլիսի վերջում Մանուկ Գասպարյանը մատնանշեց Հանրային Հեռուստատեսության վարած քաղաքականության իր կարծիքով խոշորագույն սխալը: Նա գտնում է, որ եթե հանրային հեռուստատեսությունը շաբաթական գեթ մեկ ժամ եթեր տրամադրի ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ապա որոշ ժամանակ անց նրանց ոչ ոք այլեւս չի լսի, քանի որ նրանք միշտ նույն մտքերն են արտահայտում: