Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿՑԻԱ «ԿՈՆԳՐԵՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՄՈՏ

Հասարակություն

Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր նորից բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն խոսքի ազատության: Ա1+ եւ Նոյյան Տապան հեռուստաընկերությունների նշանները կրող շապիկները հագած լրագրողները դիմավորում էին «Կոնգրես» հյուրանոց այցելողներին:

Ակցիայի մասնակիցների մեծ մասը իշխանությունների հրահանգով եթերից զրկված 2 անկախ՝ Ա1+ եւ Նոյյան Տապան հեռուստաընկերությունների աշխատակիցներն էին: Ի դեպ, այդ միջոցառումն առաջինն էր, որ գործնականում կազմակերպել է «Խոսքի ազատության աջակցության» նորաստեղծ հիմնադրամը:

Ակցիայի վայրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ հյուրանոցում՝ Եվրախորհրդի փորձագետների եւ այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել է 2 օրյա սեմինար «Հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման պրակտիկան Հայաստանում» թեմայով: Իսկ թե իրականում ինչպիսին է Հայաստանում այդ պրակտիկան փորձում էին նախ եւ առաջ ներկայացնել ակցիայի մասնակիցները: Նրանք սեմինարի մասնակիցներին տրամադրում էին թերթիկներ, որոնցում ապացուցվում էր, որ խոսքի ազատությունը Հայաստանում վտանգված է:

Լրագրողների պատրաստած թերթիկում մասնավորապես ասված է, որ «Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից լիցենզիայից զրկված հեռուստաընկերությունների թիվը կարող է մեծանալ, քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանությունների հոգսը իրենց ապահովագրելն է»: Հայաստանում գտնվող Եվրախորհրդի 3 փորձագետները տեղեկացվեցին, որ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության առաջին իսկ փորձից հետո բավական ծանր եւ աղքատացած վիճակում հայտնվեց Հայաստանի տեղեկատվական դաշտը, քանի որ բազմաթիվ օրենքների խախտումներով՝հատկապես իշխանություններին ոչ հաճո հեռուստաընկերություններ զրկվեցին լիցենզիայից: Եվրախորհրդի փորձագետներին նաեւ ներկայացվեց, որ լիցենզիայից զրկված հեռուստաընկերությունները «փորձում են դատարանում պաշտպանել իրենց իրավունքները, սակայն հայցերը մերժվում են , վճիռները հիմնավորված չեն, վճիռներում հղումներ են կատարվում այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն քննարկվող հարցերի հետ»:

Ի դեպ, նախատեսվում էր, որ սեմինարին մասնակցելու է նաեւ քննարկվող թեմայի հետ սերտ առնչություն ունեցող Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Վերջինս, սակայն, օրվա առաջին կեսին խուսափեց հանդիպմից եւ Եվրախորհրդի փորձագետների ու լրագրողների ներկայությամբ չփորձեց անձամբ մեղմել մեղադրանքներն ուղղված իր գլխավորած հանձնաժողովի հանդեպ:Դա էլ հերթական անգամ ապացուցում է, որ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի հակափաստարկները իրականում «թույլիկ են»: