Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ «ՍՏՈՐԱԳՐԵՑ» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

Հասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական Օրենսգիրքը: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ խորհրդարանը քվեարկությամբ ստորագրեց հոկտեմբերի 27-ի ոճրագործների մահապատիժը: Ճիշտ է նոր օրենսգրքում նշվում է, որ մահապատիժը փոխարինվում է ցմահ բանտարկությամբ, սակայն պետաիրավական հանձնաժողովի պնդմամբ այնտեղ ամրագրվեց որ այն անձիք, որոնք մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելը

ա/ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն են կատարել

բ/ կատարել են ահաբեկչական ակտ

գ/ կատարել են մանկահասակ երեխայի բռնաբարություն

դատապարտվում են ոչ թե ցմահ բանտարկության, այլ մահապատժի: Օրենսգրքի հեղինակներից Վիկտոր Դալլաքյանը շեշտում է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործները կարող են դատապարտվել եւ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, եւ ահաբեկչության համար:

Նշենք, որ Քրեական օրենսգրքին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ էին 15-ը, կար նաեւ մեկ ձեռնպահ քվեարկած պատգամավոր:

Այժմ պատգամավորները հոկտեմբերի 27-ը կատարողներին մահապատժի ենթարկելու համար պետք է հնարավորին չափ ձգձգեն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումը: Այն սահմանում է, որ մահապատիժ կարող է կիրառվել միայն պատերազմի կամ պատերազմի անմիջական վտանգի ժամանակ: Արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է` եւ ավելի մեծ իրավական ուժ ունի, քան ՀՀ-ի օրենքները, նաեւ Քրեական օրենսգիրքը: Մահապատիժը հոկտեմբերի 27-ի դեպքում կիրառելու համար ամրագրվել է, որ Քրեական Օրենսգիրքը ուժի մեջ է մտնում հատուկ օրենքով: Իսկ այնտեղ կարելի է գրել այնպիսի ժամկետ, որ Նաիրի Հունանյան & co-ն արդեն դատապարտված լինի մահապատժի: