Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԳԻՐՔԸ

Հասարակություն

Հայաստանում ժողովրդավարության մակարդակը ընդամենը 30 տոկոս է: Խորհրդարանական համակարգն ուսումնասիրելուց հետո այս եզրակացությանն է եկել Ազգային Ինքնորոշում Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը: Քաղաքական գործիչը գտել է մի բանաձեւ, որը խորհրդարանական ժողովրդավարության իրավական, այլ կերպ ասած թվաբանական արտացոլումն է:

«Հայաստանում կա 3 միլիոն բնակիչ ենթադրենք, պայմանականորեն, 2 միլիոնն ունեն ընտրելու իրավունք, 1 միլիոնը մասնակցում է ընտրությունների, այդ 1 միլիոնից պառլամենտում ընտրվածներին ձայն է տվել մոտ 300 000-ը:Ստացվում է, որ Հայաստանի 2 միլիոն ընտրողներից 300 000 է, որ ներկայացուցիչ ունի պառլամենտում», - ասում է Հայրիկյանը:

Ըստ Պարույր Հայրիկյանի, հենց այս տվյալներն էլ ապացուցում են, որ Հանրապետության ընտրական համակարգը փոփոխման կարիք ունի, չնայած նրան, որ վերջին 12 տարիների ընթացքում Հայաստանի «Ընտրական օրենսգիրքը» փոփոխության է ենթարկվել 4 անգամ: Խորհրդարանի եւ ժողովրդավարության վերաբերյալ իր նկատառումներն ու ստեղծած բանաձեւերը Պարույր Հայրիկյանը ներկայացրել է «Ժողովրդավարության համամարդկային չափորոշիչը՝ ժողովրդավարության գործակիցը կամ մեր քաղաքականության լավագույն խորհրդարանական համակարգը» աշխատությունում: Պարոն Հայրիկյանը համոզված է, որ իր ստեղծած բանաձեւը կօգնի «ժողովրդավարացնել» բազմաթիվ երկրներ: Այդ պատճառով էլ նա երեկ ամրագրել է իր հեղինակային իրավունքները իր ստեղծած «գյուտի» հանդեպ: Պարույր Հայրիկյանի աշխատությունը տպագրվելու է մեկ շաբաթից, իսկ հունիսի 27-ին՝ իր իսկ խոսքերով սահմանադրագետների եւ պետականագրագետների համար ներկայացվելու է Սահմանադրական Դատարանում: Քաղաքական գործիչը չի բացառում, որ դա կարող է օրենքներում փոփոխությունների պատճառ հանդիսանալ:

Որպեսզի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը բարձրանա Պարույր Հայրիկյանը գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքացին իրավունք ունի պառլամենտում ունենալ իր ներկայացուցիչը: Այս դեպքում Պարույր Հայրիկյանը հանդես է գալիս որպես քաղաքացի, այլ ոչ որպես քաղաքական գործիչ: