Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՎՈՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ԷԼԻ...

Հասարակություն

Հայաստանի ոչ պետական ԲՈՒՀ-երի 10-ամյա գործունեության պայմաններում Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունը դեռ շարունակում է կանոնակարգել այդ ճյուղը:

Մինչեւ վերջերս գործող ավելի քան 90 ոչ պետական ԲՈՒՀ-ից լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացների արդյունքում գործունեությունն այսօր շարունակում է 72 մասնավոր ԲՈՒՀ` 40 մասնագիտությունների ուսուցմամբ:

Ի դեպ, օգտվելով լիցենզավորման կարգում առկա թերություններից 2 մասնավոր ԲՈՒՀ` ''Ասպատ Վետերան'' ինստիտուտն ու ''Էկոլոգիայի ու Տնտեսագիտության'' համալսարանը լիցենզիա են ստացել դիմելով դատական ատյաններ:

Չնայած դրան Կրթության ու Գիտության նախարարությունում պնդում են, որ այդ ԲՈՒՀ-րը ուսուցման համար համապատասխան պայմաններ չունեն եւ դա փորձ է արվելու ապացուցել Վերաքննիչ դատարանում:
Հայաստանում ոչ պետական ԲՈՒՀ-ի շարքին են դասվում նաեւ այլ պետությունների ԲՈՒՀ-ի հայաստանյան մասնաճյուղերը:

Կրթության եւ Գիտության նախարարությունում գտնում են, որ ոչ պետական ԲՈՒՀ-ի ներկայիս թիվը նույնպես մեծ է Հայաստանի կրթության ոլորտի համար: Այդ թվի կրճատումը հնարավոր կլինի ոչ պետական ԲՈՒՀ-ի ուսանողների ավարտական քննությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքում:
Լիցենզավորման կարգի համաձայն, եթե 2 տարի անընդմեջ տվյալ ԲՈՒՀ-ի ուսանողների գիտելիքները չեն համապատասխանում պահանջվող չափանիշին, ապա այդ ԲՈՒՀ-ը կարող է զրկվել ունեցած լիցենզիայից:

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Կրթության եւ Գիտության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է Հանրապետության ոչ պետական ԲՈՒՀ-ի շրջանավարտների գիտելիքների տեստավորում:

Ոչ պետական ԲՈՒՀ-ի ավարտական քննությունները կազմակերպվում են կենտրոնացված կարգով: Դրա համար ընտրվել է 7 ԲՈՒՀ-ի շենք, որոնք քննություն կազմակերպելու համար ունեն համապատասխան պայմաններ:
Կրթության եւ Գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նշել է, որ միայն այս քննությունների արդյունքում հնարավոր չի լինի ԲՈՒՀ-ը զրկել լիցենզիայից: Ավարտական քննությունների ոչ բավարար արդյունքները կքննարկվեն կոլեգիայի նիստում, կքննարկվեն նաեւ անցյալ տարի Կառավարության կողմից ստեղծված, իսկ այս տարի նախագահի կողմից ստեղծված վերահսկիչ ծառայությունների կատարած ուսումնասիրությունները: Այդ ամենի արդյունքում միայն կորոշվի, թե ոչ պետական ԲՈՒՀ-ի թիվը որքանով է կրճատվելու: